Հայաստանը պլանավորած տանում են կործանման․ Սյունիք չենք ունենալու, եթե միասնական չլինենք
Կոչ ենք անում ողջ հայությանը սատարելու լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին։ Ազատություն Աշոտ Երկաթին ու ձեռքներդ հեռու կալանավորված սյունյաց քաջորդիներից։ Այս մասին քիչ առաջ «Ազատություն Աշոտ Մինասյանին» թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
«Մենք միասնական մոտեցում ենք ցուցաբերում ոչ միայն Աշոտ Երկաթի հետ կապված, այլև մենք միասնական գործունեություն ենք ցուցաբերում նաև Սյունիքի նկատմամբ այսօրվա ազգադավ իշխանությունների գործունեությանը։ Սյունիքում ավանդ ունեցող մարդկանց աստիճանաբար մեկուսացնում են։ Ես չեմ ուզում Սահմանադրական դատարանին գովել, սակայն ՍԴ-ի օրերս կայացրած հայտնի որոշումը կալանավորվածների հետ կապված իրոք շատ ուրախալի էր։ Այո, մեր երեք գործընկերները ՍԴ-ի որոշումից հետո ազատ արձակվեցին, բայց փաստացի Աշոտ Երկաթը, Առուշ Առուշանյանը շարունակում են մնալ կալանավորված։ Երբ ժամանակին ասում էինք, որ բանակը վարկաբեկում են, դա իրոք այդպես էր։ Երբ ժամանակին ասում էինք՝ հերոսներին վարկաբեկում են, նպատակը հեռահար էր։ Երբևէ թող որևէ մեկը չասի, թե այս իշխանությունները իրականացնում են անգրագետ գործունեություն, ոչ։ Սրանք պլանավորած Հայաստանը տանում են կործանման։ Եթե միասնական չգործենք, մենք վաղը Սյունիք չենք ունենալու»,- հավելեց նա։
Hraparak.am