Երեւանի քաղաքապետը խոստանում է 21-րդ դարին հարիր ուղեւորափոխադրումներ կազմակերպել քաղաքում ու նոր ավտոբուսներ է ներկրում: Ճիշտ է՝ ուշացած եւ դեռ ոչ ամբողջապես կահավորված, բայց դրանց մի մասն արդեն աշխատում է: Ավտոբուսները պետք է հոկտեմբերին գային, եկան դեկտեմբերին, պետք է վճարման էլեկտրոնային համակարգով հագեցած լինեին՝ հագեցած չեն, ու հայտնի չէ, թե երբ կհամալրվեն: Այս ամենին զուգահեռ, Երեւանի ներքաղաքային երթուղիների վարորդները գործադուլ արեցին ու որոշակի բարելավումների հասան: Շատ եմ ցավում, որ ուղեւորը գործադուլի հնարավորություն չունի: Որովհետեւ այս ամենի մեջ ուղեւորի մասին ոչ ոք չի հիշում: 

2018-ին, երբ քննարկվում էր մայրաքաղաքի համար եվրոպական չափորոշիչներին համապատասխան տրասպորտային մոդելը, ասվում էր որ կլինի մոտ 50 երթուղի՝ մոտ 1000 տրանսպորտային միջոցով՝ գումարած մետրոն: Հատուկ ու բազմիցս ասվեց՝ քանի որ ցանցն օպտիմալացվում է, երեւանցիների մի մասն Ա կետից Բ կետը հասնելու համար ստիպված կլինի երկու, գուցե երեք տրանսպորտ փոխել, բայց կրկնակի վճարման անհրաժեշտություն չի լինի, ուղեւորները հնարավորություն կունենան վճարել նույն սակագինը, ինչը նրանք կվճարեին, եթե տեղափոխություն չկատարեին: Հիմա սրա մասին չեն էլ հիշում: Կամ թավշյաները, որ պնդում են, թե քաղաքացին իրենց համար բարձրագույն արժեք է, պիտի ասեն, որ անտեսում են քաղաքացու շահերը, կամ պիտի ընդունեն, որ այս անգամ էլ տապալեցին ու տապալվեցին՝ ինչպես պատերազմի, կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ երկրների հետ փոխշահավետ շփումներ կառուցելու եւ այլ դեպքերում:

Ուղեւորը գործադուլի հնարավորություն չունի, եթե գործադուլի հնարավորություն ունենար, անձնական օգտագործման մեքենա կգներ ու մեկընդմիշտ կազատվեր պարտությամբ հպարտ իշխանության կազմակերպած ուղեւորափոխադրումներից: Սա, սակայն, չի նշանակում, թե քաղաքապետարանը պետք է մոռանա քաղաքացու մասին: Քաղաքապետարանը քաղաքացու փողերով է աշխատում ու պիտի ծառայի քաղաքացուն: Դեռ ուշ չէ հիշելու Ա կետից Բ կետը հասնելու համար մեկ անգամ վճարելու սկզբունքի մասին: Վճարման էլեկտրոնային համակարգով կարելի է նման մեխանիզմ ստանալ: Նման մեխանիզմներ կան բազմաթիվ քաղաքներում: Օտար մի պետությունում նման համակարգով աշխատող տրանսպորտով երթեւեկել եմ ամբողջ երկու ամիս: Գոհ էի: Երեւանի տրանսպորտում նման համակարգ ներդնելու համար պարզապես ցանկություն է պետք: Պարզապես պետք է, որ «քաղաքացին բարձրագույն արժեք է» խոսքը գործով ապացուցվի:

Արեգ Մարգարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն