ԲՀԿ-ն եւս կմիանա Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
Մեր տեղեկություններով՝ ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջիկայում եւս կմիանա քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։ Իսկ ընդդիմադիր մյուս՝ «Լույս» խմբակցությունը երկու թեւի է բաժանվել, խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միանալու է նախաձեռնությանը, իսկ Թեհմինա Վարդանյանը եւ Դավիթ Խաժակյանը որոշում չունեն, նրանք դժվարին ընտրության առաջ են կանգնել՝ անվստահություն հայտնե՞լ մի քաղաքապետի, որի գործունեությունը պարբերաբար քննադատել են, թե՞ չմիանալ՝ այդպիսով «ջուր չլցնելով իշխանության ջրաղացին»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ չի բացառում, որ միանան ստորագրահավաքին, բայց մինչ այդ պետք է հանդիպեն իրենց կուսակցության ղեկավարին, հարցը քննարկեն։
«Կա կոնկրետ հարց, որը եղել է քո օրակարգում, ԲՀԿ-ն քաղաքապետի փոփոխման հարց ունեցել է, հիմա այս նախագծի ստորագրահավաքը որ գնում է, դա չի նշանակում, որ դու միանում ես «Իմ քայլին», դա ուղղակի նախագիծ է, թե դու դրան կողմ ես թե ոչ։ Մենք առաջնորդվում ենք մեր հիմնավորմամբ, մենք ոչ թե նայելու ենք նախագծի տված հիմնավորմանը, այլ մենք ունենք մեր հիմնավորումը»,-նշեց Մանրիկյանը։
Hraparak.am