Քննչական կոմիտեից հաղորդում են, որ «Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է»։ Խոսքը Թալինի ՏԻՄ ընտրություններին «Զարթոնք» կուսակցության ցուցակով մասնակցած եւ 26,68 տոկոս ձայն տարած Մնացական Մնացականյանի մասին է, որի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որ քաղաքապետ չընտրվի։ Այստեղ  «Մեր համայնքը» ստացել է 11, 65 տոկոս, «Հայքը»՝ 15,4,  ՔՊ-ն ՝ 46, 63։ Սակայն ոչ «Հայքը», ոչ «Մեր համայնքը» չեն ուզում միանալ ՔՊ-ին, շատ ավելի հավանական է «Զարթոնքի» եւ մյուս 2 ուժերի միավորումը։ Թալինում, հիշեցնենք, իշխանական թեկնածուն Տավրոս Սափեյանն է։

Ինչում է մեղադրվում Մնացականյանը։ Ըստ քննչական կոմիտեի․ 

«Համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետև կազմակերպել և իրականացրել է դրանց օտարումը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թեև Թալին համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվել է, որ հողամասերը վաճառվելու են համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, սակայն համայնքի ղեկավարը, խախտելով վերոգրյալ իրավական ակտերի և ավագանու նշված որոշման պահանջները, 2018թ. փետրվարին և 2020թ. հունվարին կազմել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի վերաբերյալ կեղծ որոշումներ՝ նշելով, որ խնդրո առարկա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված  սահմանափակումների ցանկում:

Այնուհետև իրականում օտարման համար ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0532 և 0,0201հա հողամասերը օտարվել են, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»։

Նկատենք, որ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կարծես մի շաբլոնից գրված լինեն՝ բոլորը վերաբերում են հողերի նշանակությունը փոխելուն եւ աճուրդ անելուն, որոնց մեջ անօրինականություն հայտնաբերելը շատ բարդ է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն