Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը կարողացավ մտնել համայնքապետարանի շենք։

Ոստիկանները, որոնք տևական ժամանակ փակել էին համայնքապետարանի մուտքը, բացեցին այն։ Գրիգորյանը ծանոթացավ աշխատակիցների հետ և հայտարարեց, որ հաջորդ օրվանից սկսելու է բնականոն աշխատանքը։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, մինչև այս պահը չենք ծանոթացել դրան։ Ընտրություններից հետո էլ մենք մյուս կողմերին կոչ ենք արել համերաշխությամբ աշխատել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք ցանկանում ենք բոլորի հետ համերաշխ աշխատել և համատեղ ջանքերով զարգացնել համայնքը։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կանցնի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։

Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ոչ մի խնդիր չկա և չի կարող լինել։ Նա ներողություն խնդրեց ոստիկաններից օրվա ընթացքում հնչած վիրավորանքների համար և նշեց, որ իրենց գործողությունները այդքանով ավարտվում են։

«Մենք իրականացնելու ենք մեր աշխատանքը այստեղ, դատարանն էլ իր գործը կանի, բոլորս գնում ենք տուն»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն էր։ Այս համայնքում միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Դեկտեմբերի 5-իմ անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել է 10 ձայնով:

Ինչից  հետո եկել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և  համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

«Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում և պնդում էին, որ ժամը 12-ին պետք է տեղի ունենա իրենց թեկնածուի երդմնակալությունը:

Ոստիկանները փակել էին համայնքապետարանի մուտքը` թույլ  չտալով «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարան։ Արդյունքում դրսում` մշակույթի տան բակում կազմակերպվեց Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ Տեղական ժամանակ անց միայն ոստիկանները բացեցին համայնքապետարանի մուտքը թույլ տալով Վոլոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մտնել համայնքապետարանի շենք։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն