ԶԼՄ-ների հրապարակումներից հետո, թե Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը, հայկական լրատվական դաշտում կրկին վրդովմունքի ալիք է բարձրացել:

Հայտարարություններ եղան, թե իբր դա տեղի է ունեցել Ադրբեջանի ճնշման ներքո։

Նման բացատրությունները չափազանց միամիտ են թվում։

Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի վիճակի է Իսրայելին թելադրել իր քաղաքական օրակարգը։

Որքան էլ այնտեղ Ալիեւ-ջունիորը ջղայն «շարժի» իր բեղերը, նա չի հասունացել այն մակարդակի, որի դեպքում կարող է ճնշում գործադրել Իսրայելի վրա։

Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, Իսրայելը Մերձավոր Արևելքի առանցքային ռազմաքաղաքական խաղացողներից է, որն ունի սեփական ռազմավարական շահերն ու որոշումներ է կայացնում՝ ելնելով բացառապես դրանցից: Ինչը, իհարկե, չի արդարացնում Իսրայելին, որն ինքն է Գազայում ցեղասպանություն իրականացրել և ագրեսիա եղբայրական Իրանի հանդեպ։

Սակայն, վերադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, խոսակցություններն այն մասին, թե իբր Բաքուն ստիպել է Նեթանյահուին փոխել իր դիրքորոշումը, ավելի շատ բարդ քաղաքական պատկերը պարզեցնելու փորձի են նման:

Շատ ավելի տրամաբանական է ենթադրել, որ մենք տեսնում ենք համաձայնեցված քաղաքական խաղ, որտեղ և Իսրայելը, և Ադրբեջանը լուծում են սեփական խնդիրները։ Բենիամին Նեթանյահուի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դարձել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը և ներքին քաղաքական պայքարի տարր, որը նախատեսված է իսրայելական հասարակության առավել արմատական հակաթուրքական հատվածի շրջանում իր (Նեթանյահուի) ռեյտինգի աճի համար:

Այս պարագայում Նեթանյահուի համար հետագա խորհրդարանական մանևրները թույլ են տալիս պահպանել դիվանագիտական առևտրի տարածքը ներիսրայելական բարդ քաղաքական ներկապնակում։

Բայց ամենազարմանալին հայ հասարակության մի մասի արձագանքն է։

Ժողովուրդ ջան, երբ ենք վերջապես էմոցիաներից անցնելու գործողությունների, որոնք ձեռնտու են մեր երկրին և մեր ազգին:

Դիվանագիտական հնարավորությունների բացված պատուհանը տեսնելու փոխարեն նորից սկսվում է էմոցիոնալ հիստերիան։ Մեր կողմից նման արձագանքը խաղում է հենց մեր դեմ, և մենք դա հրաժարվում ենք հասկանալ:

Այսօր անհրաժեշտ է ընկալել երեք հիմնարար կարևոր հանգամանք ։

Առաջին.

Այնքան էլ կարևոր չէ, որ Քնեսեթի քվեարկությունը հետաձգվեց կամ հանվեց օրակարգից։

Սկզբունքորեն կարևոր է մեկ այլ բան. պատմության մեջ առաջին անգամ հենց Իսրայելի կառավարությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես Ցեղասպանություն և այդ հարցը դրել խորհրդարանական ընթացակարգի:

Սա առանցքային քաղաքական նախադեպ է մեր շահերի կոնտեքստում։

Ավելին, իսրայելական մտավոր և հանրային էլիտայի բացարձակ մեծամասնությունը հրապարակավ ողջունել է այդ քայլը ։

Սա նշանակում է, որ հարցը դադարել է բացառապես ակադեմիական բանավեճ լինելուց և մտել է Իսրայելի քաղաքական օրակարգ ։

Երկրորդ.

Պետք չէ պատրանքներ կառուցել Իսրայելի ղեկավարության դրդապատճառների վերաբերյալ ։

Իսրայելն առաջնորդվում է բացառապես սեփական ազգային շահերով, և նրա համար միևնույն է հարցի բարոյական կողմը ։

Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը օգտակար գործիք էր Թուրքիայի հետ դիմակայությունում և Նեթանյահուի կառավարության ներքաղաքական դիրքերն ամրապնդելու միջոց, ուրեմն հենց այդ գործիքից էլ նա օգտվեց:

Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա։

Երրորդ.

Հայկական դիվանագիտությանը պետք է բոլորովին անտարբեր լինի, թե ինչ պատճառներով է Իսրայելն արել այդ քայլը ։

Միջազգային քաղաքականության մեջ նշանակություն ունեն ոչ թե դրդապատճառները, այլ արդյունքը ։

Իսկ արդյունքը կայանում է նրանում, որ Հայաստանի տրամադրության տակ է հայտնվել ևս մեկ լուրջ դիվանագիտական և քաղաքական փաստարկ Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության դեմ պայքարում:

Նման փաստարկը պետք է օգտագործվի հնարավորինս արդյունավետ, այլ ոչ թե այն վանել հույզերի պատճառով:

Ցավոք, այս ֆոնին հատկապես հակապատկեր է թվում Հայաստանի փաշիստական իշխանությունների հակահայկական դիրքորոշումը։

Անշուշտ, ցեղասպանության ճանաչման հարցը "քաղաքականացնելու" անթույլատրելիության մասին նրանց մշտական հայտարարությունները բառ առ բառ կրկնում են պաշտոնական Թուրքիայի բազմամյա գիծը, որը միշտ ձգտել է այդ թեման դուրս բերել միջազգային քաղաքականության ոլորտից և այն հասցնել բացառապես պատմական քննարկումների:

Մարդասպանը միշտ ցանկանում է խուսափել հանցագործության համար գործնական պատասխանատվությունից և թուրքերը այս վարքի ներքո օրիգինալ չեն։

Իսկ հայկական իշխանությունների մոտեցումն արմատապես թուլացնում է Հայաստանի դիվանագիտական դիրքերը և նպաստում Հայաստանի Հանրապետության շահերին ձեռնտու դիվանագիտական գործիքակազմի լղոզմանը ։

Բայց վերադառնալով թեմային ՝ եկեք արձանագրենք, որ մեզ ՝ հայերիս, ոչ թե էմոցիաներ են պետք, այլ պետական մտածողություն, քանի որ ցավոք փաշիստական իշխանություններն այս ռակուրսով պաշտպանում են Թուրքիայի շահերը ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքական ճարտարապետությանը ։

Միջազգային քաղաքականության մեջ հաղթում է ոչ թե նա, ով ավելի բարձր է վրդովվում ու լաց լինում, այլ նա, ով կարողանում է անգամ այլ պետությունների միջև հակասություններն օգտագործել սեփական ազգային շահերի համար ։

Սառը հաշվարկը միշտ ավելի ուժեղ է, քան հիստերիան:

Եվ եթե քաղաքական կոնյունկտուրան հայ ժողովրդի համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում անվտանգային մթնոլորտը ամրապնդելու համար, ապա դրանք պետք է օգտագործել առանց վարանելու և առանց ավելորդ էմոցիաների։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ