Նախարարը նոր բան է մտմտում, ՍԴ-ն՝ նրա որոշումը հակասահմանադրական ճանաչում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իրականացրել են ընդհանուր 1 մլն 591 հազար 809 պատվաստում, եւ արդեն մոտ 500 քաղաքացի ստացել է երրորդ դեղաչափով պատվաստումը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ մենք կորոնավիրուսի նախորդ ալիքները սահուն կերպով հաղթահարեցինք, բայց պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն, դա կլինի հունվարի կեսին, թե փետրվարի սկզբին, էական չէ, ուստի բոլորիս միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները նույն տեմպով շարունակելը։ Ապա ավելացրեց, որ ինքն էլ երրորդ դեղաչափն ընդունել է եւ կոչ է անում բոլորին՝ ընդունել։ Այսինքն՝ ենթադրվում է, որ երրորդից հետո նաեւ չորրորդ դեղաչափով պետք է պատվաստվել, եւ այդպես շարունակ։
Նիստից հետո նախարար Ավանեսյանին հարցրինք՝ երրորդ դեղաչափն ընդունելը դարձյալ «կամավոր-պարտադիր» սկզբունքո՞վ է տեղի ունենալու, թե՞ հայեցողական է, Ավանեսյանն ասաց, որ իրենց համար կարեւորը երկու դեղաչափերն ստանալն է, հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Նկատեցինք, որ երկրներ կան, որոնք կոնկրետ պատվաստանյութով պատվաստված անձանց չեն ընդունում։ Հիմա, եթե քաղաքացին առաջին երկու դեղաչափը պատվաստվել է, դիցուք, «Սպուտնիկով», որով Եվրոպա չի կարող մեկնել, երրորդ դեղաչափը ստացել է արդեն «Աստրազենեկա», որը Եվրոպան ընդունում է, նա այդ երրորդ դեղաչափով կկարողանա՞ այցելել եվրոպական երկրներ։ Ավանեսյանն ասաց, որ հարկավոր է երրորդից հետո չորրորդ դեղաչափն էլ պատվաստվել նույն պատվաստանյութով, որ կարողանան ազատ ճամփորդել։
«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որեւէ առումով դա չի կարող վնաս հասցնել կամ խնդիր առաջացնել, բայց միայն խթանիչ դեղաչափը չի կարող համարվել բավարար»,- ասաց նա։ Խթանիչ՝ նկատի ունի երրորդը։ Հարցրինք նաեւ սահմանափակումներից ու պատվաստումը խթանող օրենքների ընդունումից, արդյոք նոր սահմանափակումներ պատրաստվո՞ւմ են կիրառել, թե՞ քովիդի թվերի նվազման ու պատվաստումների ցուցանիշի աճը թույլ է տալիս նոր սահմանափակումների եւ օրենքների խստացման չգնալ։ Ավանեսյանն ասաց, որ իրենք իրենց զինանոցում, իհարկե, ունեն գործիքակազմ, որն անհրաժեշտության դեպքում կկիրառեն։
«Մեր աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է։ Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները եւ սահմանափակող այլ կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան, եւ քաղաքացիները սկսեցին ակտիվ կերպով պատվաստվել։ Մեր զինանոցում, իհարկե, կան դեռ որոշակի ե՛ւ խրախուսող, ե՛ւ սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ըստ անհրաժեշտության կգործարկենք։ Դուք գիտեք, որ հիմա քննարկման փուլում է գտնվում սննդի, ժամանցի վայրերում եւս պահանջելու պատվաստման սերտիֆիկատի վերաբերյալ նախագիծը։ Ավարտական, տեխնիկական մի քանի ճշգրտումներ կային անելու, կարծում եմ՝ դա առաջիկա շաբաթվա մեջ կհաստատվի, նաեւ ժամկետը մի փոքր կհետաձգենք, որ նաեւ հասցնեն մեր այլ գործընկերներ կարծիք հայտնել»,- մանրամասնեց նախարարը։
Մինչ նա նոր սահմանափակումների մասին է խոսում, երեկ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ավանեսյանի նախորդ որոշման մի շարք դրույթներ, այդ թվում՝ քաղաքացու՝ իր հաշվին թեստավորման պահանջը։ Այնպես որ, նոր սահմանափակումներ մտցնելուց առաջ արժե լրջորեն մտածել՝ դրանք օրինակա՞ն են, թե՞ ոչ։
Hraparak.am