ՃՈ-ում տեղեկատվատեխնոլոգիական խնդիրներ կան
Եթե մարդկանց ուղեղները չսղոցեն, ժամանակը չվատնեն, ուզո՞ւմ են՝ թող պատեպատ խփվեն: Վարորդական իրավունքի ժամկետը լրանալու կապակցությամբ պետք է առցանց դիմել ՃՈ: Գրում եմ Roadpolice, ստանում այս պատասխանը.
«Ձեր կողմից (բացառությամբ ՀՀ դատարանների եւ պետական մարմինների) ՃՈ ներկայացվող դիմումները, գանգատները կամ հարցումները կքննարկվեն, բացառապես, եթե դրանք ներկայացվեն «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի` e-request.am կայքի միջոցով»։
e-request.am-ը պահանջում է էլեկտրոնային հասցե եւ դրա ծածկագիր: Մտածում ես՝ սրանց հետ ինչ-որ բան այնպես չէ՞. այ ռոբոտ, դու ո՞վ ես, որ ծածկագիր էլ ուզում ես:
Մի քանի տասնյակ զանգեր եմ անում ՃՈ-ի տարբեր աշխատակիցների։ Վերջապես՝ մի հերթապահ շատ բարեկիրթ ու համբերատար բացատրում է, թե ինչ պետք է անել` roadpolice կայքում, այլ ոչ թե գրել e-request.am: Գործողությունից հետո, բջջայինի վրա roadpolice.am-ից ստացվում է SMS` առ այն, որ կտեղեկացնեն իրենց այցելելու օրվա եւ ժամի մասին: Հասկանալի է: Բայց մեկ ամբողջ օր գնաց դրա համար:
Զավեշտալին այն է, որ նույն roadpolice.am-ից հաջորդ օրը ստացվում է այս գրությունը.
«Ձեր կողմից (բացառությամբ ՀՀ դատարանների եւ պետական մարմինների) ՃՈ ներկայացվող դիմումները, գանգատները կամ հարցումները կքննարկվեն, բացառապես, եթե դրանք ներկայացվեն «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի` e-request.am կայքի միջոցով»։
Արդեն գրանցված անձին ինչպե՞ս կարող է գրանցող կողմը նման գրություն ուղարկել: Կարո՞ղ է ՃՈ-ն մի փոքր շուտ է սկսել թվայնացվել: Գուցե վերադառնա՞ն լավ ժամանակներին ու «սանձեն» մոտոցիկլները:
ՀԳ. Հատուկ շնորհակալություն պարեկային ծառայության երիտասարդին, ով կանգնեցրեց ավտոմեքենաս եւ զգուշացրեց, որ մի քանի օր է, ինչ վարորդական վկայականի ժամկետը լրացել է: Չտուգանեց: Այ քեզ մակարդակ:
Ի դեպ, վարորդական իրավունքի ժամկետի երկարաձգման համար ինչո՞ւ պետք է քաղաքացին այդքան մեծ գումար վճարի: Թեպետ երեւի կարելի է անգամ տասնապատկել: Բա հա՛մ ավտո ունենաս, հա՛մ էլ… մեզ մոտ մարդը տուգանելու մատերիալ չէ։
Գագիկ Վարդանյան
Hraparak.am