Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տարբերակը հրապարակվելու է այսօր, հենց այսօր է լրանում եռօրյա ժամկետը։ Իսկ մինչ այս ես ինչ մեկնաբանություն տվել եմ, եղել է դա եզրափակիչ մասի վերաբերյալ։ Այն, որ աշխատողները իրենց հաշվին պետք է թեստի գումար վճարեին, դա արդեն իսկ հակասահմանադրական է ճանաչված, դա այլևս գոյություն չունի։ Բայց արդեն հեվելյալ մեկնաբանության համար, ճիշտ կլինի ՍԴ որոշումն այսօր հրապարակվի, ծանոթանանք, նոր արդեն հստակ կարծիք ասեմ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փասաբաբ Արամ Վարդևանյանը։

«Այո, եթե ստուգող մարմինը մտնում է աշխատավայր, անձը իրավունք ունի վկայակոչելու ՍԴ որոշումը։ Ուղղակի նույն հենց վկայակոչելու տեսանկյունից, կարևոր է, որ ամբողջ տեքստը լինի, ինչը, ինչպես ասացի, սպասվում է, որ այսօր կլինի արդեն։  Ես օրինակ ուղղակի ապշել էի, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը խոսում էր ինչ-որ հաղթանակների մասին։ Ակնհայտ է ուղղակի, որ այստեղ հաղթանակի մասին խոսք լինել չի կարող, որովհետև նախարարի ամենակարևոր դրույթն է հենց հակասահմանադրական ճանաչվել։ Եթե ՍԴ որոշման տեքսը դեռ ամբողջական հրապարակված չէ, անհասկանալի է՝ ինչպես կարելի է խոսել ինչ-որ հաղթանակների մասին։ Այդ որոշումն իհարկե շատ ավելի կոնկրետ են դարձնելու մի շարք հարցերի պատասխաններ, բայց, կարծում եմ, ակնկալել, թե ՍԴ-ն է բոլոր հարցերին որոշում տվողը, դա էլ է իհարկե միամտություն»:

«Հարցն այն է, որ այո, իրականում աշխատողը ունի պարտականություն թեստավորման ու իրականում դա ոչ մեկ չէր էլ վիճարկում։ Խնդիրն այն էր, որ աշխատողի վրա չէր կարող դրվել ծախսերի բեռը։ Այսինքն՝ պետությունը ինքը խաղի կանոններ սահմանի ու մարդուն ասի՝ գնա ու վճարի՞։ Մենք հենց այս հիմքով էլ դիմել ենք, ինչի հետ ՍԴ-ն մեզ հետ արդեն համաձայնվել է։ Իմ կարծիքը մնում  է անփոփոխ ու պետության կողմից սահմանած նման խաղային կանոնի ծախսը պիտի կատարի հենց պետությունը, ոչ թե 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում աշխատողը։ Այլ կարծիք չկա ու չի կարող լինել այն մասով, որ ՍԴ-ն արդեն որոշել է՝ աշխատողը չի կարող իր հաշվին թեստի ծախս կրել։ Բոլոր դեպքերում, երբ մենք ունենում ենք արձանագրում նորմի հակասահմանադրական լինելու, այն էլ ամենակարևոր ձևակերպման՝ «իր հաշվինի» մասով,  մեր հայրենակիցները կարող են ձեր նշած փոխհատուցման պահանջ բարձրացնել»,- հավելեց Վարդևանյանը։

Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, օրերս հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Ըստ նախարարի հրամանի, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Նախարարի հրամանով՝ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում էր աշխատողն իր հաշվին։ Սահմանադրական դատարանը «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի 1-ին, 2-րդ մասերին  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ նկատի ունենալով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց  վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների  շրջանակից: Սահմանադրական դատարանը հրամանի  որոշ այլ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն