Վարչապետի աթոռին նստած, պարտությամբ հպարտ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս խոսեց նաեւ Հայաստանի դեսպանների պաշտոններում, Թուրքիայի հետ բանակցողի պաշտոնում դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցողներին նշանակելու մասին եւ ասաց. «Հիմա շատ դժվար է մեր թիմի որեւէ անդամին ասել փորձառություն չունեցող։ Մենք վերջին 1 տարվա կամ 3 տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակների փորձություն է»: 

Մի տեղ կարդացի Անդրե Մորուայի միտքը. «Այրված թխվածքը, ծակված գուլպան, կործանված քաղաքակրթությունը տարբեր աստիճանի ողբերգություններ են»: Փորձություններն էլ տարբեր են լինում: Վստահաբար պնդում եմ, որ պատերազմով անցած, ընկերոջ մահ տեսած, գերեվարված, ապա տուն վերադարձած մեր զինծառայողներն անցել են ամենադաժան փորձությունների միջով: Բայց նրանք դիվանագիտական աշխատանքի չեն նշանակվել: Ոմանք անգամ ձերբակալվել են:

Մինչդեռ եթե համեմատես այս զինծառայողների եւ, ասենք, դեսպան նշանակված Լիլիթ Մակունցի կամ Հայաստանի անունից Թուրքիայի հետ բանակցող նշանակված Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունները, ապա Մակունցն ու Ռուբինյանը որեւէ փորձություն չեն անցել ու կենսագրություն չունեն: Կամ եթե դիվանագիտական աշխատանքի նշանակման պայմանը փորձություն անցնելն է՝ լրիվ ՖՈՐՏ ԲՈՅԱՐ, էլ ո՞ւմ է պետք ՀՀ արտգործնախարարության դիվանագիտական դպրոցը: 2009 թվականին հիմնադրված դպրոցի նպատակներն են՝ դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների եւ պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը եւ այլն: Այս նպատակների համար Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվում: Օրինակ՝ միայն 2021-ին վերապատրաստումների վրա ծախսվել է 225 միլիոն դրամ: Նաեւ միջազգային կազմակերպությունների փողերով են ծրագրեր արվում:

Օրինակ՝ 2013-2017թթ․ ժամանակահատվածում Եվրամիությունը 1,7 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում: Ու, փաստորեն, այս ծախսերն անիմաստ են, դիվանագիտական դպրոցի շրջանավարտները դեսպան չեն նշանակվում, մի տեսակ անտեսված են: 

Ամեն դեպքում արժե, որ կառավարությունը պատասխանի մի քանի հարցի.

1. Եթե Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական աշխատանքի է նշանակում փորձություն անցածին, ոչ թե փորձառու մասնագետին, ինչո՞ւ դիվանագիտական աշխատանքի չի նշանակում պատերազմ, ընկերոջ մահ, գերություն, դաժան փորձություններ տեսած զինծառայողներին:

2. Վերջին 3,5 տարում դիվանագիտական ի՞նչ պաշտոնների են նշանակվել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտները: Մենք մտաբերեցինք միայն ԱԺ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանին, որն Իսպանիայում դեսպան նշանակվեց եւ ժամանակին ավարտել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, սակայն պարզ է, որ որպես դպրոցի շրջանավարտ չի նշանակվել դեսպան, այլ որպես իմքայլական։ 

Հուսով ենք, որ կառավարությունից ավելի ամփոփ պատասխաններ կստանանք եւ կհրապարակենք:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն