«Վերջին ժամանակներում խիստ մտահոգիչ են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաջորդող գործընթացները առանձին համայնքներում, որոնք ստվերում եւ վտանգի տակ են դնում արձանագրված ձեռքբերումները եւ ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները»:

Հատված «Ականատես» դիտորդական առաքելության զեկույցից: 

Բազմիցս եմ ասել՝ նախկինում խիստ ընդդիմադիր վարքագիծ դրսեւորած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներն այսօր դարձել են գործող իշխանության մաս կամ կցորդ: Եթե այն (իմա՝ իշխանությունը) լիներ ոչ թե մեկ անձի, այլ իրապես այնպիսին, ինչպիսին ներկայացվում է («ժողովրդի իշխանություն, ժողովրդի անունից եւ ժողովրդի համար»՝ Աբրահամ Լինքոլն), ապա վերջիններիս վարքագիծն ընկալելի կլիներ: Սակայն ժողովրդի իշխանության անվան ներքո Հայաստանում հաստատվել է տիպիկ բռնատիրական իշխանություն՝ հենված ոստիկանական «բեսպրեդելի» վրա: Այդ իշխանությունը, իհարկե, իր «պողպատյա» մանդատը ստացել է ժողովրդի՝ հանուն ստամոքսի հայրենիքի եւ անվտանգության վրա թքած ունեցող ակտիվ մեծամասնության, քվեներով: Բայց իշխանության կայունությունը, այնուամենայնիվ, ապահովվում է ոստիկանության, ԱԱԾ-ի եւ քննչական կառույցների շնորհիվ: Նման տիպի «ժողովրդավարություն» երեւի միայն Հայաստանում է հնարավոր: 

Եվ զարմանալին այն է, որ նույնիսկ իրականությունն արդեն ինչ-որ չափով տեսնող ՔՀԿ-ականները չեն կարողանում ձերբազատվել մտածողության կարծրատիպերից: Եվ ավելի զարմանալի է այն հանգամանքը, որ այդ կարծրատիպերը նաեւ գալիս են մեր երկրի խորհրդային անցյալից: Պատկերացնում եք՝ մարդիկ մեծացել են հետխորհրդային Հայաստանում, ուսում են առել արեւմտյան եւ հատկապես ամերիկյան բուհերում, սակայն պահպանել են խորհրդային մտածողությունը: Քննարկելով կամ ուղղակի ներկայացնելով համայնքային (ՏԻՄ) ընտրությունները՝ ՔՀԿ-ները խոսում են առանձին համայնքներում տեղ գտած այս կամ այն խնդիրներից: Այսինքն, տեսնում են այդ խնդիրները, որոնք իրականում ապօրինություններ եւ անօրինականություններ են՝ լուրջ ընտրախախտումներ, գործող իշխանության ներկայացուցիչների եւ կամ ոստիկանական անօրինական միջամտություններ, սակայն դրանք համարում են առանձին բացասական երեւույթներ: Ճիշտ այնպես, ինչպես ընդունված էր գնահատել խորհրդային երկրում: Ու զարմանում ես, որ դրանք կարծես թե գրագետ ու խելացի մարդիկ են, տեսնում են այդ երեւույթները, սակայն չեն գիտակցում, որ դրանք համընդհանուր են՝ գեներացված գործող իշխանության կողմից, ոչ թե ընդամենը տեղ են գրավել միայն այս կամ այն համայնքում: 

Ու մեկ-մեկ ես սկսում եմ զարմանալ ինձ վրա: Հայաստանի անկախության ձեռքբերման պահին ես 30-ն անց մարդ էի՝ ծնված, դաստիարակված, մեծացած ու 10 տարի էլ աշխատած խորհրդային երկրում: Եվ բավարարվել եմ խորհրդային բուհն ավարտելով, այսինքն՝ բարձրագույն կրթությունս չեմ շարունակել որեւէ արեւմտյան ուսումնական հաստատությունում: Չնայած դրան՝ իմ մեջ ձեւավորվեց արեւմտյան քաղաքական արժեքային համակարգ: Ու շուրջ 20 տարի ես կռիվ էի տալիս գործող իշխանությունների դեմ՝ մեր հայրենիքում այդ արժեքներն արմատավորելու նպատակով: Դա էր պատճառը, որ ողջունեցի 2018-ի ապրիլյան իրադարձությունները, սակայն հենց նույն արժեքների տեսակետից՝ վերլուծական կարողությամբ հանդերձ, 2018-ին չընդունեցի թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, թե՛ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի գիշերային պաշարումը եւ թե՛ մյուս բոլոր հակաօրինական երեւույթները՝ գեներացված Նիկոլի իշխանության կողմից: Որովհետեւ գիտակցում էի, որ հեղափոխական ապօրինությունները, ի վերջո, երկիրը հասցնելու են բռնապետության:

Սա է, որ չընկալեցին ՔՀԿ-ական իմ նախկին գործընկերները եւ նախկին իշխանությունների նկատմամբ ատելությամբ լցված՝ շարունակեցին աջակցել Փաշինյանի միանձնյա կառավարման համակարգը: Նույնիսկ պատերազմում «գերագույն գլխավոր» կոչված Նիկոլի ապաշնորհության (եւ կամ դավաճանության) պատճառով մեր պարտությունից հետո շարունակեցին աջակցել նրան: Ու չցանկանալով տեսնել ՏԻՄ ընտրություններում կատարվածի հիմքը՝ ամեն գնով համայնքներում իշխանություն զավթելու տենչը, բավարարվում են թեթեւակի քննադատությամբ: Այնինչ, որպես արեւմտյան արժեքների կրողներ, պետք է կանգնեին բռնատիրության մահիճը գլորվող իշխանության դեմ պայքարի առաջին շարքերում: Բայց նրանք նման բան չեն անի, քանի որ դա ձեռք չի տալիս արեւմտյան դոնորներին, եւ այդ պատճառով էլ կզրկվեն բազմահազարանոց դոլարային դրամաշնորհներից:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն