Հայաստանում ամերիկյան դեսպանատունը բաց մրցույթ է հայտարարել՝ Հայաստանում դեմոկրատիայի զարգացման հետ կապված։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 400 հազար դոլար։ Ծրագրի նպատակն է՝ աջակցել դեմոկրատիայի զարգացմանը նպաստող նախաձեռնություններին, քաջալերել մարդու իրավունքների պահպանումն ու Հայաստանում քաղաքացիական դաստիարակությունը։ Մասնակցության համապատասխան հայտերը կարող են ներկայացնել հայկական ՀԿ-ները, վերլուծական կենտրոնները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունները եւ լրատվամիջոցները։ Հատկապես ուշադրություն է դարձվելու անկախ մամուլին, երիտասարդության ներգրավման քաղաքացիական մասնակցության զարգացմանը եւ քաղաքական քննարկումներին եւ այլն։

Ուշադրություն է դարձվելու նաեւ համացանցում ազատությանը։ Կրթական ծրագրերը համեմատաբար քիչ են դիտարկվելու՝ միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի կոնկրետ չափելի արդյունքների հասանելիություն ապահովել։

Նման դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում, սովորաբար ունենում են արդեն որոշված մասնակիցների շրջանակ, որոնց շահելու հավանականությունն ինչ-որ առումով նույնիսկ երաշխավորված է։ Դրանք ե՛ւ «յուրային» ԶԼՄ-ներն են, ե՛ւ ՀԿ-ները, ու մրցույթը մի տեսակ ձեւական է դառնում՝ նախօրոք որոշված հաղթողների «հաղթանակն» ամրագրելու համար։ Եթե ուշադիր լինեք, ապա տարեցտարի ԱՄՆ դեսպանատնից եւ այլ դոնոր կազմակերպություններից դրամաշնորհ ստացողների ցանկը գրեթե չի փոխվում՝ նույն լրատվամիջոցներն են եւ նույն հասարակական կազմակերպությունները։

Այս առումով պատահական չէ նաեւ, որ մի քանի օր առաջ էլ մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ մեկ այլ ծրագիր, որը կոչվում «Եվրոպական մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն եւ մասնագիտացված մեդիա», որով Եվրոպական միությունը տրամադրում է 2 մլն եվրո՝ «Հայաստանում ազատ եւ անկախ լրատվական դաշտի ամրապնդմանն աջակցելու նպատակով»։ Ծրագիրն իրականացվում է BBC Մեդիա նախաձեռնությունների, Բաց հասարակության ինստիտուտի, Factor տեղեկատվական կենտրոնի եւ Հայաստանում առցանց հեռարձակվող «Հետք» hետաքննող լրագրողների կազմակերպության կողմից:

Ծրագրի մեկնարկն ազդարարելիս ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է․ «Կարծիքի արտահայտման ազատության իրավունքի ամրապնդումը, լրատվության անկախության ու պատասխանատու լրագրության զարգացումը խաղաղության եւ ժողովրդավարության առանցքային նախադրյալն են։ Հայաստանը ժողովրդավարական անցման գործընթացներում է, եւ, ուրեմն, երկիրն ունի անկախ, բազմակարծ, վստահելի եւ պատասխանատու լրատվական դաշտի կարիք»:

Համաձայն ենք, ուղղակի պարզ չէ, թե ինչու է կարծիքի արտահայտման ազատությունը եւ անկախ լրատվության ապահովումը դրվում հենց վերը նշված միավորների՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Բաց հասարակության ինստիտուտի, Factor տեղեկատվական կենտրոնի եւ «Հետքի» կայքի վրա։ Սրանցից միայն Factor-ն է, որ ամենօրյա օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում եւ կարծիքի արտահայտման հնարավորություն տալիս քաղաքական ուժերին ու հասարակությանը։ Թե ինչպես է ստացվել, որ, օրինակ, ամիսը մեկ կամ երկու անգամ հետաքննություն հրապարակող «Հետքը» կամ լրատվամիջոցներին ֆեյսբուքյան «ֆակտչեկերի» միջոցով ամռանը մեծ վնասներ հասցրած «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» է ապահովում Հայաստանում խոսքի ազատությունը կամ զարգացնում անկախ լրագրությունը, դժվար է ասել։

Մինչդեռ, եթե ԵՄ եւ ԱՄՆ ժողովրդավարության ջատագովներն ուզում են Հայաստանում նպաստել խոսքի ազատությանը եւ անկախ լրատվամիջոցների կայացմանը, պետք է դրամաշնորհներ տրամադրեն կոնկրետ ԶԼՄ-ներին, օրինակ՝ օրաթերթերին, որոնք այսօր փակման եզրին են, սակայն անմարդկային ճիգերով հրատարակվում են։ Հենց թերթերն են ամենաորակյալը լրատվամիջոցների բազմության մեջ։

Պետք է աջակցեն գործող, ակտիվ կայքէջերին, որոնք ամենօրյա օպերատիվ տեղեկատվություն են հասցնում ընթերցողին եւ հանրային վերահսկողություն ապահովում իշխանությունների գործունեության հետ կապված։ Պետք է օգնեն այն մի քանի ընդդիմադիր հեռուստաընկերություններին, որոնք ընտրություններից հետո բարդ ժամանակներ են ապրում եւ իշխանական ճնշումների ներքո են հայտնվել։

Ինչ վերաբերում է կոնկրետ «Հրապարակին», ապա այստեղ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունի յուրաքանչյուր ոք եւ հատկապես շարքային քաղաքացին, որի խոսքը չեն լսում պետական կառույցները, եւ որի խնդիրներն այսօր ոչ մեկի ուշադրության կենտրոնում չեն։

Ի դեպ, «Հրապարակի» համար բարդ է եղել աշխատելը ե՛ւ նախկինների, ե՛ւ ներկաների օրոք, որովհետեւ իշխանություններին քննադատելն ու հանրային ցավոտ հարցերը ներկայացնելը միշտ եղել է մեր լրատվամիջոցի գլխավոր գործառույթը։ Սակայն խոսքի ազատության մասին մտահոգ ոչ մի միջազգային կազմակերպություն եւ կառույց երբեւէ չի աջակցել մեզ այս դժվարին գործում։ Իսկ մեր ամենօրյա դժվար աշխատանքով շուրջ 14 տարի հենց մենք ենք ապահովել անկախ մամուլի կենսունակությունը Հայաստանում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն