Փաշինյանի ասուլիսը Արցախից արտագաղթի նոր ալիք է առաջացրել
Արցախում իրավիճակը լարված է՝ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ասուլիսը եւ դրանից հետո արված մի քանի գրառումները փոթորկել են Արցախը։ Մարդիկ տագնապած են, որ Հայաստանը ձեռք է քաշում իրենցից եւ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ վերջնականապես հրաժարվի Արցախի մասին հոգ տանելու, նրա համար բանակցելու գործընթացից։ Արցախցիները կարծում են, որ Հայաստանն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Ալիեւի եւ Էրդողանի հետ եւ շարժվելու է նրանց գծած սցենարով, որում անկախ Արցախ չկա եւ անգամ Արցախից մնացած այս հատվածի գոյությունը ժամանակավոր է։
Արցախից մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո արտագաղթելու մտադրություն ունեցողների քանակը խիստ աճել է՝ անգամ նրանք, ովքեր ասում էին, որ երբեք չեն լքելու Արցախը, այժմ մտածում են հեռանալու մասին։ Իսկ եթե անգամ իրենք մնան, ապա ուզում են ընտանիքները հանել Արցախից։ Ասում են՝ Փաշինյանը որոշել է Արցախը վերջնականապես հանձնել, իսկ այդ պարագայում հայտնի չէ, թե Արցախում մնացող հայերի հետ ինչ կպատահի՝ գոնե մեր երեխաներին հանենք, որ փրկվեն։
Փաշինյանի ասուլիսն ու հայտարարությունները ազդել են նաեւ ներքաղաքական իրավիճակի վրա։ Արտաքին վտանգը ստիպել է, որ Արցախի ընդդիմությունն ու իշխանությունը իավորվի։ Եթե մեկ տարի առաջ ընդդիմությունը մեղադրում էր Արայիկ Հարությունյանին եւ նրա հրաժարականն էր պահանջում, ապա այսօր հրաժարվել են այդ պահանջից, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կազմակերպելն անհնարին է եւ նախագահի աթոռը կմնա թափուր, ինչը կնվազեցնի Արցախի ինքնիշխանությունը, որն անթույլատրելի է։ Ուստի ստիպված են առայժմ պահել Արայիկ Հարությունյանին եւ համատեղ ջանքերով պայքարել փաշինյանական ծրագրի իրականացման դեմ։
Hraparak.am