Հայաստանյան հանրության գրագետ ու նույնիսկ անգրագետ հատվածները խոսում են համախմբվելու անհրաժեշտությունից: Երկրորդները, բնականաբար, դա ընկալում են որպես Փաշինյան Նիկոլի շուրջը ձևավորվելիք միություն: Տրամաբանորեն այդպես էլ պետք է լիներ. մենք ունենք պետականություն, որի իշխանությունը մարմնավորում է այդ անձը: Բայց ես համախմբվեմ Նիկոլի շուրջը որպես ի՞նչ: Որպեսզի ավելի եռանդով հրաժարվի՞ Արցախի նկատմամբ պատասխանատվությունից: Որպեսզի ավելի արագ քիրվայություն հաստատի՞ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Որպեսզի, ի վերջո, կյանքի կոչվի՞ թուրքական վիլայեթ վերածվելու՝ զուտ ստամոքսով ապրողների երազանքը: Չէ, ես նման խաղերի մեջ չեմ մտնում: Ես 1988-ին ամռան շոգին ու ձմռան ցրտին, օրեր ու գիշերներ չեմ անցկացրել փողոցներում, որպեսզի 33 տարի անց նաև իմ ձեռքով Նիկոլը թուրքին հանձնի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը:

Այժմ անցնենք հանրության գրագետ հատվածի համախմբման կոչին: Ինձ նմանները վաղուց են համախմբվել: Եվ ի տարբերություն երկրորդների՝ համախմբվել են ոչ թե մեկ անձի, այլ գաղափարի շուրջը: Իսկ այն ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանն ու Արցախն ազատագրել Փաշինյան Նիկոլի իշխանությունից: Դա որպես առաջին քայլ, որին կհետևեն մնացած քայլերը: Իսկ դրանք ենթադրում են մեր ժողովրդի արժանապատվության և աշխարհում հարգանքի վերականգնում: Ինչպես նաև Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության վերականգնում: Իսկ հիմա հարցը՝ այդ գաղափարի շուրջն ինչպե՞ս համախմբվենք զուտ ստամոքսի մակարդակով մտածող զանգվածների հետ: Եվ նրանց հետ, ովքեր թքած ունեին, թե ինչ է կատարվում մեզ հետ և մեր շուրջը: Իհարկե, դրանցից ոմանք ավելի ուշ խելքի եկան, թե իրենց անտարբերությամբ ինչ խաղ խաղացին մեր հայրենիքի ճակատագրի հետ: Բայց դա ուշացած արթնացում էր, շատ ուշացած: Ու այդ ոմանք շատ քիչ են ու թիվ չեն կազմում նույնիսկ միլիոնանոց հայախոս ֆեյսբուքում: 

Եվ երկրորդ հարցը՝ իսկ իրենք ուզո՞ւմ են համախմբվել մեզ հետ: Այս տարվա հունիսի 20-ին, համենայն դեպս, նման ցանկություն չդրսևորվեց: Ստամոքսով մտածող հանրության հատվածն ընտրեց պարտությամբ հպարտացող անձին աջակցելու ուղին: Իր ուրույն ուղին ընտրեց նաև 800 հազարանոց անտարբեր հատվածը: Ինչի մասին է խոսքը՝ եթե մարդ արարածը պատրաստ է հանուն Նիկոլի թուրքին զոհաբերել իր թոռներին: Իսկ նրա կողքին կանգնած անձն էլ որևէ ձևով չի բողոքում: Նման մարդկանց հետ ինչ համախմբվածության մասին է խոսքը: Ինչ մնում է «ժողովրդի իշխանության» անվան ներքո միանձնյա և համարյա թե բռնապետական կարգեր հաստատած անձին, ապա նա բացարձակ մեր կարիքը չունի: Էլ ուր մնաց, թե մի հատ էլ մեր համախմբման կարիքն ունենա: Որքան քիչ լինեն մեզ նմանները՝ այնքան պակաս կլինեն նրա անձնական խնդիրները: Հատկապես, որ խիստ տարբեր է՝ ավելի ճիշտ հակոտնյա է այն Հայաստանի պատկերը, «որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար»: Հիշեցնեմ, նրա երազանքն, ի հեճուկս ամեն ինչի, պարտված և թուրքի առջև ծնկաչոք Հայաստանն է, մեզ համար՝ հզոր և արժանապատիվ Հայաստանը:   

Այդ դեպքում ոչ թե պետք է համախմբման կոչեր հնչեցնել, այլ ակտիվ գործողությունների դիմել քեզ հարազատ գաղափարի շուրջն արդեն համախմբվածների հետ: Իսկ թե ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ՝ դա մեզ ցուցադրել է Փաշինյան Նիկոլը 2018-ի ապրիլին: Խնդիրը դրանց խաղաղ, ոչ բռնի բնույթի պահպանումն է: Եվ այդ ամենը գրագետ նախագծելն է ու ճշգրիտ իրականացնելը: Ու համապատասխան հավաքակազմ (կոնտինգենտ) հավաքագրելը: Ու այդ ամենն առկա է՝ նույնիսկ հավաքակազմը: Ինչ մնում է ասվածին գործող իշխանության վերաբերմունքին, ապա չմոռանանք, որ 2018-ի ապրիլին ոմանք բռնությամբ՝ դուռ ջարդելով էին մուտք գործում պետական պահպանվող տարածք հանդիսացող Ռադիոտունը: Ասվածը չի նշանակում, թե պետք է կամ կարելի է հետևել այդ օրինակին: Ընդամենը մեր հիշողության մեջ թարմացնել է պետք, որ աշխարհի ժողովրդավարության առաջամարտիկ համարվող Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի նախաբանում է ամրագրված իշխանություն փոփոխելու մարդկանց իրավունքը, եթե վերջիններիս կարծիքով այն նպատակամղված չէ իրենց բարօրությանն ու իրավունքների իրականացմանը: 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն