Տեղումների և ուժեղ քամու հետևանքով Վերին Լարսի անցակետը փակ է
Տեղումների և ուժեղ քամու հետևանքով Վերին Լարսի անցակետը փակ է, կուտակվել են մեծ թվով բեռնատարներ։ Այս մասին Lragir.am-ին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
«Երեկ երեկոյան ձյուն սկսվեց ու ուժեղ քամի, վրացական կողմն անցակետը փակել է։ Դեպի Վրաստան անցակետը փակ է, վրացական կողմում՝ Գուդաուրի-Կազբեկի տարածքում ձյուն ու քամի է։ Օսիայի տարածքում 1500-ից ավելի բեռնատար է կուտակվել։ Բայց երեկ անցակետն անցած բեռնատարներն այսօր շարունակում են մտնել ՌԴ տարածք, դրանց թիվը մոտ 400 է, որից մոտ 20 տոկոսը հայկական բեռնատարներ են։ Հայտնի չէ՝ երբ կբացվի անցակետը, առաջիկա ժամերին սպասում ենք»,- ասաց Թանանյանը։
Ըստ Թանանյանի՝ նախատոնական օրերին՝ դեկտեմբերի վերջին մեկ շաբաթը օրական Ռուսաստանից 450-550 բեռնատար է դուրս եկել, վրացական կողմից ևս փոխադրումներն անխոչընդոտ իրականացվել են։
Lragir.am



















