Մեզ հասած տեղեկություններով` Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենը փաստի առաջ է կանգնեցրել ճոպանուղու տարածքում դահուկների վարձակալության կետերի սեփականատերերին` հողի վարձակալության գումարները մեկ օրում 10-30 անգամ բարձրացնելով։ Եթե նախկինում նրանք վճարում էին միջինը 120.000 դրամ, ապա այժմ նրանցից պահանջում են ամսական վճարել 1-ից 3 մլն դրամ, որպեսզի թույլ տան գործունեություն ծավալել, այլապես կփակվեն։

Նշենք, որ Ծաղկաձորի ճոպանուղին ներկայում շահագործում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն (նախկինում շահագործում էր «Լեռնատուր» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը դարձյալ ՀԱՕԿ-ն է), իսկ ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Եվ հիմա դահուկների վարձակալության կետերի սեփականատերերը, նախնական տեղեկությամբ, պատրաստվում են բունտ անել, եթե խնդիրը չլուծվի, քանի որ վարձակալության գումարների ավելացման պատճառով իրենք ստիպած են լինելու ծառայության գումարներն էլ ավելացնել, ինչը կարող է պատճառ դառնալ տուրիստական հոսքերի նվազեցման։ Վարձակալները զարմացած են՝  արդյոք սա անձամբ Գագիկ Ծառուկյանի՞ որոշումն է, թե՞ որդին է ինքնուրույն որոշել նման փոփոխություններ կատարել, քանի որ, իրենց խոսքով, Ծառուկյանի հետ մշտապես կարողացել են լեզու գտել այս հարցում։

Ավելացնենք նաև, որ դահուկների վարձակալության գումարի ավելացումից բացի այս տարվանից վճարովի են դարձրել նաև ճոպանուղու տարածքում գործող զուգարաններից օգտվելը։ Այսուհետ այցելուները զուգարաններից օգտվելու համար պետք է 100 դրամ վճարեն․ դրանից առաջ անվճար էր։ 

Մենք կապ հաստատեցինք ճոպանուղու տնօրեն Հայկ Պողոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչն է խնդիրը, ինչո՞ւ են որոշել ավելացնել վարձավճարները։ 

Պողոսյանը, սակայն, չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն տալ՝  նշելով․ «Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, եկեք հիմնարկ, հա՞։ Հեռախոսով չեմ քնարկում ոչ մի բան»։

Դիտարկմանը, թե կարող է գոնե միայն հերքել կամ հաստատել տեղեկությունը, Պողոսյանն ասաց՝ ինքը հիմա զբաղված է ու անջատեց հեռախոսը։

Խոսեցինք նաև ճոպանուղու հաշվապահ Արտավազդ Վարդանյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ ինքն այս պահին չի կարող վարձավճարների ավելացման մասով որևէ բան ասել, քանի որ իր մոտ այս պահին վարձավճարների ավելացման հետ կապված որևէ պայմանագիր դեռևս չկա ֆիքսված։ Նրա խոսքով՝ վարձակալության պայմանագրերը կնքվում են երեք ամսով՝ հունվարի 1-ից սկսած։

«Էս տարի դեռ չի թարմացվել, ու չեմ կարող ասել՝ պատճառը որն է»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ չորս վարձակալ կա, որոնցից ամեն մեկը վերջին կնքած պայմանագրերով տարբեր չափի գումար է վճարել․ «120 հազարով էլ կա, 100 հազարով էլ կա, 50 հազարով էլ կա, 140 հազարով էլ կա՝ կախված չափերից, թե ինչ տարածք է զբաղեցնում, որտեղ է գտնվում այդ տարածքը»։

Ինչ վերաբերում է զուգարանները վճարովի դարձնելուն, ապա հաշվապահն ասաց, որ դրանք նախկինում անմխիթար վիճակում էին, և անվճար էր դրանցից օգտվելը, իսկ այս տարի բավականին մեծ ներդրում է կատարվել այդ ուղղությամբ, ու որպեսզի ինչ-որ չափով փոխհատուցվի կատարված ներդրումը, սիմվոլիկ գումար են սահմանել՝ 100 դրամի չափով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն