Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ՝ բարձրլեռնային և սահմանամերձ համայնքները տարանջատվել են, և ավելի մեծ աջակցություն է ցուցաբերվելու սահմանամերձ համայնքներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարևոր փոփխոություններ են արվում։ «Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է՝ հանրապետությունում առաջիկա 5 տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցելու։ Մենք հիմա սուբվենցիայի ծրագրի մեջ փոփոխություն ենք իրականացնում հետևյալ տրամաբանությամբ, որ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ Այսինքն՝ սահմանամերձում 80 տոկոս, մյուս համայնքներում՝ 70 տոկոս։ Բայց համայնքն այլ պատավորություն էլ պետք է վերցնի, որ շահագործման պահից մանկապարտեզի կարիքները պետք է ինքը հոգա»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման, կառավարությունը 70-80 տոկոս ֆինանսավորում կհատկացնի։

«Հաջորդ հարցը՝ դեպի արոտներ տանող ճանապարհներն են։ Այսօր մեր հանրապետությունում 1 մլն հեկտարից ավելի արտովայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է կամ նորմալ ճանապարհների բացակայությունը։ Եվ հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ-գալը ինքնարժեքի մեջ մեծ արժեք չկազմի, և ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,- ասաց նա։ Հաջորդ նորամուծությունը ինտերնետի մալուխներ անցկացնելու ծրագիրն է։ «Բայց սա այն դեպքն է, որ պայմանը պետք է խմբագրենք այնպես, որ սուբվենցիան պետք է անպայման եռակողմ լինի։ Նախկինում մենք մասնավոր հատվածի հետ նման պրակտիկա ունեցել ենք այլ ոլորտներում»,- հավելեց Փաշինյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն