Իշխանավորները ծաղրում են սյունեցիներին
Մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջում մի հպարտ հայտարարություն ու լուսանկարներ էին տեղադրվել. «ՆԱԽԱՐԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ» վերնագրով:
Հաղորդել էին. «Սյունիքում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. երկօրյա աշխատանքային այցի նպատակը մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելն է, նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհների որակի ու հատկապես ձմռանը դրանց անցանելիության ստուգումը։
Այսօր նախարարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ անցել է Կապան-Ճակատեն կառուցվող նոր ճանապարհով, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել ճանապարհաշինարարների ու երթեւեկող վարորդների հետ։ Այնուհետեւ Գ․ Սանոսյանը եղել է Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ Տաթեւ-Լծեն ճանապարհների հատվածներում, որոնց կառուցումը թույլ կտա բեռնատարներին շրջանցել դժվարանցանելի ոլորանները: Երեկ նա դիտարկել էր Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի, Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։ Գարնանը Սյունիքում կմեկնարկեն այլընտրանքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները»։
Իսկ հաղորդագրությանը կից Գնել Սանոսյանի եւ Սյունիքի մարզպետի խրոխտ լուսանկարներ են` մտահոգ դեմքերով, ձյան տակ կանգնած` իբրեւ թե դիտում են կատարվող աշխատանքներն ու ճանապարհի հետ կապված ինչ որ քննարկում անում:
Իրականում` սա առնվազն ծաղր է սյունեցիների եւ Սյունիքի հանդեպ, որն անգամ լուսանկարներից է երեւում. կադրերում մի խղճուկ տրակտոր ձյունն է մաքրում, բայց դա էլ չի ստացվում, որովհետեւ ճանապարհը սարի ճամփա է, որով անգամ տրակտորն է դժվար անցնում: Եւ անգամ իրենց տեղադրած լուսանկարից պարզ է դառնում, որ Սյունիքում ճանապարհաշինություն, որպես այդպիսին, չկա եւ այս ձյուն-ձմեռով չի էլ կարող լինել: Այս ողորմելի լուսանկարով ընդամենը փորձում են իրենց անգործությունը կոծկել եւ տպավորություն ստեղծել, թե` ոչինչ, որ Գորիս-Կապան մայրուղուց զրկվել ենք, այլընտրանքային ճանապարհը գործում է: Իսկ Գնել Սանոսյանի գործուղումը Սյունիք ընդամենը մի նպատակ ունի` հարմարավետ հյուրանոցում հանգրվանելու եւ աչքակապությամբ զբաղվելու:
Hraparak.am