Պատերազմից հետո Արցախի միջազգային մեկուսացումն ավելի է խորացել, այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանն այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է։ Այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առ այսօր Արցախ չեն այցելել։ Նույնը վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նույնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և մի շարք այլ պաշտոնյաների, ովքեր հայտարարել էին, որ պատրաստ են գալ Արցախ, նույնիսկ ժամկետներ էին նշում, բայց այդպես էլ չեկան։ Եվ բոլորի պատճառը Ադրբեջանի արգելափակումներն են։ Ցավալին այստեղ այն է, որ Ադրբեջանը կարողանում է արգելափակել, և միջազգային այդ կառույցները ենթարկվում են ապօրինի, հակամարդկային այդ գործողություններին։ Առավել ևս, որ իրենց պարտավորությունների մեջ մտնում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական խնդիրների լուծումը, և միջազգային իրավունքի հայտնի նորմերով ու սկզբունքներով պետք է մարդու իրավունքներն առաջնահերթ լինեն, քան որևէ պետության կարծիք կամ ինքնիշխանություն»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների կողմից համարձակություն չի դրսևորվում այս հարցում։

Արտակ Բեգլարյանը նաև նշեց, որ հատկապես Ալիևի՝ վերջին շրջանի հայտարարություններից ու Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ծաղրանքից հետո ժամանակն է, որ այս երկրներն արդեն միակողմանի՝ արբիտրի սկզբունքով, առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու այցելեն Արցախ։

«Ոչ միայն պետք է այցելեն Արցախ, այլ նաև ճանաչեն Արցախի անկախությունը կամ գոնե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, որը պարտադիր է հատկապես պատերազմից հետո։ Պատերազմից հետո ու պատերազմի հետևանքով բոլոր հիմնական բանակցվող հարցերը լուծվել են, բոլոր հիմնական սկզբունքները կամ ոտնահարվել են, կամ լուծվել, բացի ինքնորոշման իրավունքից։ Բայց այստեղ կրկին մենք չենք տեսնում այդ համարձակությունը։ Իսկ որքան իրենք վախկոտ քաղաքականություն ցուցաբերեն, այնքան Ադրբեջանն ավելի լկտի է դառնալու»,- հավելեց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն