Տասնյակ տարիներ Հայաստանում արատավոր պրակտիկա է կիրառվում` չավարտված քրեական գործերով, չապացուցված մեղադրանքներով հաղորդագրություններ տարածելու պրակտիկան: Բոլոր իրավապահ մարմինները` ոստիկանություն, դատախազություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլն, 02 հաղորդաշարով ու տարբեր հեռուստաալիքների կրիմինալ խրոնիկաներով եւ շամշյանների թեթեւ ձեռքով տարածում են տեղեկություններ, հրապարակվում են լուսանկարներ, ծանր մեղադրանքներ են վերագրվում մարդկանց` խախտելով անմեղության կանխավարկածը: Եթե նման պրակտիկան ընդունելի է անկախ լրատվամիջոցների պարագայում, որոնք կարող են հետաքննություններ անել եւ տեղեկություններ հրապարակել տարբեր կասկածելի գործարքների ու պաշտոնյաների գործողությունների մասին` հանրությանը տեղեկացնելով եւ կատարելով հանրային սանիտարի իրենց դերը, ապա պետական կառույցների կողմից տարվող այդ քաղաքականությունը մերժելի է եւ հանցավոր: Նախ, որովհետեւ դա արվում է ուղղորդված եւ անօրինական կարգով: Երկրորդը` արվում է ոչ թե գործող իշխանությունների, այլ անհատ անձանց, ՀՀ քաղաքացիների եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ: Եթե մամուլը կարող է նաեւ սխալվել, եւ մամուլի հրապարակումները որպես վերջին ատյանի ճշմարտություն, որպես դատավճիռ չեն դիտարկվում, ապա նշված մարմինների, հատկապես` իրավապահների հայտարարությունները մարդիկ ընկալում են որպես կայացած փաստ, որն այլեւս ապացուցման ենթակա չէ:

Սա, մի կողմից, դատական գործառույթները յուրացնելուն ուղղված քայլեր են: Չէ՞ որ մարդու մեղքը կարող է միայն դատական կարգով հաստատվել եւ այն էլ մանրակրկիտ դատաքննությունից հետո, որի ժամանակ լսում են մեղադրյալին ու նրա պաշտպանին, համակողմանիորեն ուսումնասիրում են ապացույցները, լսում են վկաներին, համադրում են բոլոր կողմերի ասածներն ու փաստական հանգամանքները, նոր միայն դատավճիռ են կայացնում: Այն հետո եռաստիճան դատական համակարգով կարող է բողոքարկվել եւ ապա վիճարկվել նաեւ Եվրոպական դատարանում:

Եվ այդ ամենից հետո էլ մարդկությունը բազմաթիվ օրինակներ ունի, եւ չի բացառվում դատական սխալի հավանականությունը` ի վերջո, դատավորներն էլ են մարդ եւ կարող են սխալվել: Ուստի մարդուն հանցագործ չեն անվանում, նրա կատարած արարքների հետ կապված տեղ են թողնում, որ մարդը չվարկաբեկվի, որ կարողանա հետագայում ապրել հասարակության մեջ, եւ ինքն ու իր հարազատները չտուժեն: Իսկ մերոնք «կոնվեյերով» հարուցում են կասկածելի քրեական գործեր եւ շըփ-թըփ` հայտարարություններ տարածում, որտեղ մարդու մասին ինչ ասես գրում են` է՛լ թալանչի ու յուրացնող, է՛լ կաշառակեր ու խաբեբա:

Իհարկե, այնքան են արժեզրկել իրավապահի ու քննիչի գործը, այնքան կեղծ, քաղաքական մեղադրանքներ են հարուցել, որոնք հետո փուչ են դուրս եկել, ու մեղադրանքն էլ կարճվել է, որ մարդկանց մի ահռելի հատվածը սկսել է չհավատալ այդ մեղադրանքների իսկությանը: Իսկ ավելի մտածող մասը հարց է տալիս` ինչո՞ւ են միայն նախկին պաշտոնյաները կամ ընդդիմության ներկայացուցիչները հայտնվում մեղադրյալի կարգավիճակում եւ քավության նոխազի դերում, ինչո՞ւ է նախաքննության մարմինն իրեն իրավունք վերապահում նման ոճով ու բովանդակությամբ հայտարարություններ տարածել, եթե հանցանքը դեռ ապացուցված չէ: Այս պարագայում չի փրկում անգամ հաղորդագրությունների վերջին տողը, որը տեղադրում են բոլոր նման տեքստերի տակ` իբրեւ թե մենք անմեղության կանխավարկած չենք խախտում. «Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ասենք, հաղորդագրությունը սկսվում է այս նախադասությամբ` մեծ սեւատառերով. «ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր»: Ապա հաջորդում է հանցանքների թվարկում, որոնք ոչ թե մեղադրանքի, այլ դատավճռի ձեւով են շարադրվել, իսկ վերը մեջբերված «Ծանուցումը» հաղորդագրության վերջում` մանր տառերով, աննկատ:

Չգիտես ինչու, իրավապահներին թվում է, թե իրենց գործը ոչ թե հանցանքները հայտնաբերելն ու հանցագործներին պատժելն է, որը կատարվում է դատարանների վճռով, այլ պրոցեսը` քրեական գործ հարուցելն ու քննելը, որի մասին շտապում են հաղորդել հանրությանը, իբրեւ թե` տեսեք, գործ ենք անում: Իրականում հետագայում, եթե անգամ դատարանն արդարացնի մարդուն, այս հաղորդագրության ազդեցությունն այլեւս չի վերանա: Ինչպես ասում են` մարդկանց մոտ «նստվածքը» կմնա, իսկ շատերն անգամ չեն իմանա, որ այդ հանցանքն ընդամենը քննիչ-դատախազների ուղեղում էր, եւ այն ապացուցել չի հաջողվել:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն