Մտավորականությո՜ւն…
«Առաջին իսկական ամերիկյան գրող»․ այսպես է բնութագրել «Հեքլբերի Ֆիննի արկածները» հանճարեղ ստեղծագործության հանճարեղ հեղինակին, ամերիկյան գրականության ականավոր անձանցից մեկը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները: Մարկ Տվենը կյանքի նույնիսկ դժվարին, ողբերգական պահերին կարողացել է կատակել: Նրան է վերագրվում հետեւյալ արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»: Վերաձեւակերպելով այս արտահայտությունը, առաջին նախագահի բավական լակոնիկ հայտարարության լույսի ներքո, գրենք այսպես. «Մտավորականության կենդանության մասին լուրերը խիստ չափազանցված են»:
Այդ ե՞րբ է եղել, որ իշխանությունները հաշվի նստեն մտավորականության կարծիքի հետ: Կոմունիստների ժամանակ: Այն ժամանակաշրջանում, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, դեռ մտավորականությունն ուժ էր, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը (նայելով նրա կադրերի դերակատարությանը, կարելի է համոզված ասել՝ այսօր էլ):
Ինչպե՞ս կարելի է, նախկինում ազգային արժեհամակարգի մաս կազմող, իսկ ներկա ժամանակներում հասարակության ետնախորշ շպրտված խավի վրա հույս դնել: Ի՞նչ է, նրանք կապիտալի՞ են տիրապետում, թե՞ սոցիալական իշխանության: Նրանց տիրապետածը գիտելիքի կապիտալն է, որը ոչ ոքի պետք չէ, առայժմ մերը համարվող երկրում: Այո, մտավորականների մի որոշ, ընդ որում, ոչ մեծ մասը, անկախ ամեն ինչից, մնում է արժեհամակագի պատանդ, բայց նրանք այլեւս մտավոր հանրություն չեն ներկայացնում, քանի որ այդպիսին մեր իրականության մեջ այլեւս գոյություն չունի:
Հետեւապես, առաջին նախագահի նշած «ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի պարտականությունն է»: Ու քանի որ հակամարտող կողմերից մեկը որեւէ պարտականության եւ պատասխանատվության ըմբռնումից զուրկ է, ապա մնում է մեկ կողմ, որը կարող է պարտականություն ստանձնել, բայց ընդամենն այդքանը, առայժմ՝ այդքանը: Մեղադրել պետք չէ: Ամբողջ հանրությունը նոկդաունի մեջ է: Ինչպես ցանկանան, այնպես էլ կվարվեն:
Զարմանալի է, թե ինչու են այդքան չնչին բարձրացնում գազի, ջրի էլեկտրականության սակագները: Ժողովուրդն անզգայացած է՝ նրա հետ ամեն ինչ կարելի է անել: Պետք է օգտվել առիթից: Այստեղ ղազախական իրադարձությունները բացառվում են, այնպես որ՝ կարելի է գործել հանգիստ ու անկաշկանդ: Կարծես, այդպես էլ արվում է:
Գագիկ Վարդանյան
Hraparak.am