Շիրակի մարզի շուրջ 400 ֆերմեր ոտքի է ելել։ Իրենց խոսքերով բունտ կանեն, եթե կառավարությունը խելքի չգա։ «Ամեն ինչ եռակի թանկացել է, երեք անգամ թանկացել է դիզվառելիքը, ոռոգման ջրի խնդիր կա, հարկերը մի կողմից, էսպես, որ շարունակվի գյուղատնտեսությամբ զբաղվող էլ չի լինի, բոլորը կարտագաղթեն գյուղերից, էս կառավարության ուզածն էլ երևի դա է»,- ասում է ֆերմերներից մեկը՝ նշելով, որ  կառավարությունից պահանջում են սուբսիդավորում։ Ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին երեկ ընդունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մոտ 10 ներկայացուցիչ մարզպետին իրենց մտահոգությունն են հայտնել պարարտանյութերի գների սպասվելիք թանկացման և առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու հետ կապված։ 

«Ես հասկանում եմ ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, հավաստիացնում եմ, որ ինքս էլ շահագրգիռ եմ օր առաջ ցանկացած խնդիր կարգավորելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ ձեզ հետ հանդիպումը չուզեցի  ձգձգել և լսել ձեզ ու փորձել խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկել», -ասել է մարզպետը՝ խոստանալով  ներկայացված հարցերը քննարկել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և անհրաժեշտության դեպքում կազմակերպել հանդիպումներ։

Ֆերմերներից տեղեկացանք, որ կառավարությանը մինչև ուրբաթ ժամանակ են տվել, դրական պատասխան չստանալու դեպքում խոստանում են՝ այնպիսի բունտ է  հասունանալու, որ ՀԱՊԿ զորքն էլ Փաշինյանին չի փրկի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն