Երբ օդանավը գնաց վայրէջքի, Ռիոյում, կողքիս նստած բրազիլուհուն հարցրի. «Ֆլավիա, ո՞ր վայրերն այցելենք, որպեսզի լիարժեք իրավունք ունենանք ասելու՝ եղել ենք Ռիո դե Ժանեյրոյում»: Թվարկեց 5-6-ը, որից առաջինը Քրիստոսի կոթողն էր: Բրազիլացիները «սարսափելի» հավատացյալ են: Ի դեպ, նրանց սրբերից մեկի մասունքները գտնվում են Հայաստանում, Ուշի գյուղում:

Երբ արդեն Կորկովադո բարձունքում էինք՝ Քրիստոսի արձանի հարթակում, մի աներեւակայելի տեսարան բացվեց. Ռիոն, կարծես, ափիդ մեջ լիներ: Տպավորիչ էր, հուզիչ: Քրիստոսի արձանը Ռիոյի, նույնիսկ Բրազիլիայի այցեքարտն է: Այդպես են ասում, բայց, իմ կարծիքով, բրազիլացիներն են Բրազիլիայի այցեքարտը: Արձանը գտնվում է ծովի մակերեւույթից 710 մետր բարձրության վրա: Անբողջական բարձրությունը 38 մետր է: Բուն արձանի բարձրությունը 30.1 մետր է, հիմքինը՝ 8 մետր, ձեռքերի բացվածքը՝ 28 մետր: Արձանի քաշը 635 տոննա է:

Պատմությունը հետեւյալն է: Սկզբում Կորկովադո բարձունքին ուշադրություն է դարձրել ֆրանսիացի հոգեւորական Պիեր-Մարի Բոսը, 1859 թվականին: Նա ծառայում էր որպես կապելան՝ ոչ մեծ եկեղեցում, այնտեղ, որտեղ այժմ Բոտաֆագոն է: Եկեղեցու պատուհանները բացվում էին Կորկավադո սարին դեմ-հանդիման: Մի անգամ, պատուհանի մոտ կանգնած, նա տեսավ չնաշխարհիկ բնապատկեր, որը ոգեշնչեց նրան կրոնական հուշարձան ստեղծելու գաղափարով: Պիեր-Մարին իր գաղափարի մասին հայտնեց տեղացի գործընկերներին, եւ բոլորը հավանության արժանացրին նրա գաղափարը, որն անիրագործելի եղավ` ֆինանսավորման բացակայության պատճառով: 1882 թվականին որոշում է կայացվում երկաթուղի կառուցել դեպի սարի գագաթը, բայց դա ոչ մի առնչություն չուներ արձանի գաղափարի հետ: Այն շահագործման հանձնվեց 1884 թվականին: 1921 թվականին, Բրազիլիայի անկախության 100-ամյակի նախօրեին, քաղաքի հնաբնակները հիշեցին ֆրանսիացի հոգեւորականի գաղափարի մասին եւ որոշեցին կառուցել այն: Հուշարձանի կառուցումը մեկնարկել է 1922 թվականին եւ տեւել 9 տարի: Այն ժամանակ ծախսվել է 250 հազար դոլար, որը ներկայում մոտ 4 մլն դոլարին հավասար է: 

Գործարար Գագիկ Ծառուկյանի մտադրությունը՝ Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց հուշարձան կառուցելու վերաբերյալ, կարելի է ողջունել, սակայն, ի տարբերություն բրազիլացիների, որոնք սրտաբաց, բարի ժողովուրդ են, այդ որակները մեզ շատ են պակասում: Իսկ նախատեսվող արձանը 3 մետրով բարձր է լինելու բրազիլականից, ինչը հիմնավորված է քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկրի համար: Բրազիլացիներն էլ չեն նեղանա, նկատի ունենալով, որ աշխարհում Հիսուս Քրիստոսի երկու ամենաբարձր արձաններն էլ ավելի կնպաստեն երկու ժողովուրդների հաղորդակցմանը, ինչին հավանություն կտա Հայաստանում գտնվող նշված սուրբը:

Մի կողմ թողնելով պարոն Ծառուկյանի՝ «Ժամն է կրկին հավատքով միախմբվելու» բարի շարժառիթը, այնուամենայնիվ, թվում է, կրկնվում են նախորդ գրեթե 2 հազարամյա ավանդույթները՝ կրոնական կառույցների շինարարության առումով:

Եթե այս հայտարարությունը լիներ Տեղ գյուղի վերջին իրադարձություններից առաջ, գուցե անդրադարձ էլ չարվեր, որովհետեւ հարյուրավոր տարիների կարծրատիպերից ազատվելն այդքան էլ դյուրին չէ. հսկայական միջոցներ ծախսվել են եկեղեցաշինության համար, որոնցով չինական պատի նման պատ կկառուցվեր Կասպից ծովից մինչեւ Պարսից ծոց, ու կկանխվեր քոչվոր ցեղերի մուտքը ոչ միայն Հայաստան, այլեւ Եվրոպա: Բայց… ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ու հովվի պատմությունը ստիպեց ուսումնասիրել Տեղ գյուղը: Աչք զարնեց Սուրբ Գեւորգ եկեղեցին: 

ՀՀ կառավարության կողմից հաստատված Տեղ գյուղի պատմամշակութային հուշարձանների ցանկն ուսումնասիրելիս բացահայտվեց, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Տեղ գյուղի եկեղեցի: Այսպես, օրինակ, բնակելի համալիր «Մելիք-Բարխուդարյանների Ամարաթ»-ի տեղը բացատրվում է՝ «գյուղի մեջ, Սբ Գեւորգ եկեղեցու մոտ»: Աղբյուր «Շոռ ջուր»՝ գյուղի Սբ Գեւորգ եկեղեցուց 200 մ հվ-ամ, ձորում, բնակելի տուն «Քարե օթախ» գյուղի մեջ եւ այլն: Սուրբ Գեւորգ եկեղեցու ներկայիս վիճակը մեր երկրի հայելային պատկերն է: Լավ, պետությունը չի զբաղվում, բա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի՞նը:

Մի խոսքով, առաջարկում են Հիսուս Քրիստոսի հուշարձանի շինարարությունը մեկնարկել Տեղ գյուղից: Սա սոսկ կրոնական գաղափար չէ, այլ ամուր պետություն կառուցելու: Նոր պետության կառուցումը պետք է սկսել սահմանների բնակավայրերից: Եկեղեցու հարեւանությամբ տների վիճակը, բացառությամբ մի քանիսի, տխուր է: Սահմանին գտնվող գյուղի կենցաղը սա է: Հասկանալի է, լավ օրից չէ: Իսկ պետության համար ի՞նչ խնդիր է էքստրեմալ պայմաններում գտնվող սահմանային գյուղերը հարմարավետ դարձնելը, էլ չասենք՝ արժանապատիվ զբաղվածության խնդիր լուծելը: 

Այսպես, առաջարկում եմ սկսել Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումը, իսկ գյուղը վերափոխել «խելացի գյուղի»: Ինչո՞ւ պետք է ոչխար պահենք, որ ազերիներն էլ առեւանգեն: Թող իրենք զբաղվեն դրանով, մենք էլ կգնենք, հենց մուտք գործենք «խաղաղության դարաշրջան»: Ապա Տեղ խոշորացված համայնքում կատարել ներդրումներ, զարգացնել տնտեսական գործունեության ժամանակակից տեսակները, որոնք ավելացված մեծ արժեք կստեղծեն, եւ ստացված շահույթից էլ հատկացումներ կարվեն Քրիստոսի հուշարձանի կառուցման համար: Եթե այդպիսի բիզնես միավորների թիվը շատանա, ապա 5-7 տարի հետո հուշարձանը պատրաստ կլինի:

Հուշարձանի նախագծի վերաբերյալ մեկ առաջարկություն` Ռիոյի արձանի դեմքի արտահայտությունը… թվում է, թե Քրիստոսի հոգին արտացոլված չէ նրա դեմքին: 

ՀԳ. Ինչպես մենք ենք վարվում սրբերի նկատմամբ, այնպես էլ նրանք՝ մեր նկատմամբ:

Գագիկ Վարդանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն