Ներհայաստանյան դիսկուրսի հիմնական թեման հայ-թուրքական հարաբերություններն են, որի առաջին դրսեւորումը կարող է լինել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ հայ-թուրքական սահմանին մի քանի անցակետ բացելը: Կարգավորման կողմնակիցները պնդում են, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կաշխուժանա, կտրուկ կավելանա ապրանքաշրջանառությունը, ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան գումար վաստակել, արդյունքում կշահի նաեւ պետությունը: Կարգավորման հակառակորդները հակառակն են պնդում, որ թուրքական տնտեսությունը, լինելով անհամեմատ ավելի մեծ ու տիրապետելով ֆինանսական անհամեմատելի ռեսուրսների, կոչնչացնի հայկական տնտեսությունը՝ Հայաստանը վերածելով սպառման շուկայի, հումքի ու էժան աշխատուժի կցորդի:

Ընդ որում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի կործանարար լինելու մասին խոսում են հիմնականում քաղաքական եւ հասարակական շրջանակները, իսկ բիզնեսի ներկայացուցիչները գերադասում են չխառնվել վեճին՝ վախենալով փչացնել իշխանությունների հետ հարաբերությունները, որն այդ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն ու ակտիվ քարոզիչն է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր ազդեցության մասին հեշտ է դատել՝ ուսումնասիրելով Վրաստանի օրինակը, որն արդեն 30 տարուց ավելի կարգավորված հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Մեր դեպքում եւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո գալու է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հերթը, այնպես որ՝ այդ ամենը պետք է դիտարկել հենց Հայաստան- Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում:

Շատերը գիտեն, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է: Բայց թերեւս քչերը գիտեն, որ այդ նույն ընկերությունը Վրաստանի տարածքում պահում է մոտ 5 հազար հոգանոց բանակ: Խոսքը մասնավոր պահնորդական ընկերության մասին է, որը զբաղված է ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա եւ գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների եւ այլ ենթակառուցվածքների պաշտպանությամբ:

Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները: Այդ ուժերն ունեն ընդհանուր ղեկավարություն, նույնն է, թե՝ հրամանատարություն, եւ ունեն սպառազինության բավական բարձր մակարդակ: Թուրքական եւ ադրբեջանական ընկերություններն աշխատանքի են ընդունում առավելապես ադրբեջանցիների եւ նրանց վարձատրությունը կազմակերպում են այնպես, որ այդ ընկերությունների աշխատակիցներն իրենց սոցիալական ստատուսով ավելի բարձր լինեն շրջապատից: Ավելի հարուստ եւ ապահովված մարդն առավել մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի շրջապատում, քան չքավորն ու անգործը:

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ֆինանսական միջոցներն օգտագործում են Վրաստանում տարբեր կրթական, մշակութային եւ սպորտային կազմակերպություններ ֆինանսավորելու եւ այդ ճանապարհով իրենց ազդեցությունը տարածելու համար: Հայաստանին սահմանակից Մառնեուլիի եւ Գարդաբանիի շրջաններում Ադրբեջանը, իսկ Թուրքիան՝ իրեն սահմանակից Աջարիայում, նաեւ Օզուգեթիի, Կախեթիի շրջաններում օգնում են էթնիկ ադրբեջանցիներին կամ իսլամադավաններին՝ լուծելու իրենց բնակարանային, սոցիալական եւ կենցաղային հարցերը, որի դիմաց էլ վերջիններն են որոշակի ծառայություններ մատուցում դոնոր պետություններին:

Օրինակ, Վրաստանում ապրում են Ռուսաստանից, Բելառուսից, նույնիսկ Ուկրաինայից քաղաքական տարբեր պատճառներով հալածանքների ենթարկված տասնյակ եւ հարյուրավոր հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, իսկ Ադրբեջանից գրեթե ոչ մի քաղհալածյալ Վրաստանում չկա: Ադրբեջանից Վրաստան փախչող ադրբեջանցիները շատ կարճ ժամանակ անց տեղափոխվում են Եվրոպա, որովհետեւ նրանց համար Վրաստանում ապրելը նույնքան վտանգավոր է, որքան Ադրբեջանում: Ադրբեջանի իշխանություններն իրենց ենթակա կառույցների միջոցով այդ մարդկանց տների մոտ կազմակերպում են ակցիաներ, որոնց մասնակիցները սպառնում են հաշվեհարդար տեսնել ոչ միայն քաղհալածյալի, այլ նաեւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Վրաստանի իշխանությունն այնքան մեծ ֆինանսական կախվածություն ունի Ադրբեջանից ու Թուրքիայից, որ աչք է փակում այդ ապօրինությունների վրա:

Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվել է տիրանալ Վրաստանի տնտեսության առավել եկամտաբեր ճյուղերին: Բացի առեւտրի եւ սպասարկման ոլորտում ունեցած գերիշխող դիրքից, նրանք ամեն ինչ անում են վրացական էներգետիկ շուկան եւ տրանսպորտային ենթակառուցվածքներն իրենց հսկողության տակ առնելու համար: Անցյալ տարի Վրաստանի քաղաքացիներն իրենց երկարատեւ բողոքի ակցիաների շնորհիվ կարողացան կանգնեցնել Նամահվանի ՀԷԿ-ի կառուցումը, որն իրականացնում էր թուրքական ընկերությունը:

Ունենալով տարածաշրջանում ամենաարագ աճող բնակչությունը՝ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խրախուսում են, որ ադրբեջանցի երիտասարդներն ուսման նպատակով մեկնեն եւ մշտական բնակություն հաստատեն մայրաքաղաք Թբիլիսիում: Քաղաքում արդեն ադրբեջանական փողերով հատուկ թաղամասեր են կառուցվում: Թբիլիսիի որոշ թաղամասերում, որտեղ բնակչությունը հիմնականում ադրբեջանցիներ են, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ ոստիկանությունը, աշխատում են շատ մուտք չգործել, քանի որ այնտեղ գործում են գետտոյի կանոններն ու ներքին կարգավորումները:

Օրինակ, անցյալ տարի, երբ ադրբեջանցիները հարձակվել էին հայկական բեռնատարների վրա, վրացական իրավապահ մարմիններն այդպես էլ չբացահայտեցին հարձակման հեղինակներին, եւ, բնականաբար, նրանք մնացին անպատիժ: Ի դեպ, այդ միջադեպը տեղի ունեցավ Պոնիճավա թաղամասում, որտեղ գործում են մի քանի վահաբիտական մասնավոր մզկիթներ: Ինչու մասնավոր, որովհետեւ մարդն իր սեփական տան բակում կարող է կառուցել մզկիթ, եւ իշխանությունը համարում է, որ դա նրա անձնական տարածքն է՝ ինչ ուզի, կկառուցի: Իսկ թե ինչ քարոզչություն է իրականացվում այդ տարածքում, իշխանության համար գրեթե անվերահսկելի է:

Կարելի է չասկածել, որ նույն սցենարով Թուրքիան եւ Ադրբեջանը գործելու են նաեւ Հայաստանում: Իսկ այն հիմնավորումները, թե, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում ադրբեջանցի կամ թուրք բնակչություն չկա, ապա սա շատ միամիտ մոտեցում է: Թուրքական ու ադրբեջանական բիզնեսի հետ Հայաստան են ներթափանցելու նաեւ այդ երկրների քաղաքացիները: Ալիեւի՝ Հայաստանի քաղաքներ ու գյուղեր ադրբեջանցիների վերադառնալու խոստումը հենց այնպես ասված խոսքեր չեն: Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք ուզում են ապրել խաղաղության եւ բարիդրացիության պայմաններում, թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն ազգային նախագիծ` իրենցով լցնել եւ իրենցով անել մեր երկիրը: 2019թ. օգոստոսին համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Ստեփանակերտում արտասանած իր ելույթում Փաշինյանը խոստացավ 2050թ. Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Այդ խոստումը կարող է շատ ավելի արագ իրագործվել, եթե Հայաստանը ներկա պայմաններով գնա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման:

Ավետիս Բաբաջանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն