Նախօրեին երեկոյան Գյումրիում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ն երեկոյան ուշ ժամի, ըստ «Հրապարակին» ահազանգած գյումրեցիների, արդեն 22.00-23.00-ն անց ինչ-որ փորձարկում է իրականացրել՝ առանց բնակչությանը նախապես պատշաճ իրազեկելու, որի հետեւանքով գազի տհաճ հոտ է տարածվել քաղաքում, եւ դրսում, եւ մարդկանց տներում ու բնակարաններում։ Շատերի մոտ սրտխառնոց, գլխացավ եւ թունավորման հատուկ այլ ախտանշաններ են ի հայտ եկել։

Դժգոհություններ պարունակող գրառումներ են հայտնվել «Ֆեյսբուքում»։ Եւ ահա, արդեն որոշ ժամանակ անց Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Գյումրիում տարածված գազի հոտը մեր քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ Պատասխանատուների վստահեցմամբ փորձարկման արդյունք է և անհանգստանալու կարիք չկա»։

«Հրապարակին» ահազանգած գյումրեցիները նաեւ դժգոհում են, որ խնդիրը ոչ միայն այն է, որ առանց իրազեկման, գիշերվա ժամին նման փորձարկում են իրականացրել, այլ նաեւ, երբ զանգահարել են պատկան կառույցին, պատասխանել են, որ «դե հիմա փորձարկում ենք արել, գազին «հոտ» ենք խառնել, մի քիչ շատ է ստացվել դոզան, սառը ջրով լվացվեք, չեք մեռնի մի վախեցեք, աշխարհը չի ավերվել»։ Շատ քաղաքացիներ հենց «Ֆեյսբուքում» են հայտարարել, որ «սաղ գիշեր ջերմուկ ու թան են խմել», որ կարողանան գազի հոտից առաջացած տհաճ զգացողությունը հաղթահարեն։

Պողոս Պետրոսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն