Գործող օրենքով՝ համայնքի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, 2 տարի տվյալ համայնքում մշտական գրանցում ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ համայնքի ավագանու համար կրթական որեւէ ցենզ նախատեսված չէ: Շատ դեպքերում համայնքի ղեկավարներն իրենք են առաջադրում համայնքի ավագանու անդամների թեկնածուներին, եւ համայնքներում ավագանու անդամ ընտրվում են մեծ ազգուտակ ունեցող մարդիկ, ինչպեսեւ՝ համայնքապետ: Այստեղից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում ավագանու ինստիտուտը լիարժեքորեն ձեւավորված եւ կայացած չէ։ Գործող օրենսդրությունը չի երաշխավորում պատշաճ գիտելիքներով եւ հմտություններով օժտված ավագանու անդամների ընտրությունը:

ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների 38 հոգանոց ցուցակից Հրազդանի ավագանու անդամ է ընտրվել 22-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ 1 հոգի, 2-ական էլ՝ «Ապրելու երկիր» եւ ՀՅԴ կուսակցություններից: Մանկավարժ, պահեստապետ, դպրոցի փոխտնօրեն, աշխղեկ, հյուրանոցի տնօրեն, ավտոլվացման կայանի տնօրեն, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, եւ մարդիկ, ովքեր չունեն աշխատանք ու բախտի բերմամբ հայտնվել են ՔՊ ավագանու ցուցակում, ավելին՝ դարձել ավագանի:

Բոլորն էլ ինչ-ինչ օղակներով կապ ունեն Միքայելյանների ընտանիքի հետ: Այս պայմաններում ակնհայտ է, որ Հրազդանի ավագանին ի վիճակի չէ որեւէ լուրջ անհամաձայնություն հայտնել համայնքի ղեկավարին, ուստի, ինչպես նախորդ ավագանու դեպքում, 22 անդամներն էլ նիստերի ժամանակ ձեռք բարձրացնողի եւ համայնքապետի որոշումները դակողի դերում են հայտնվելու:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ավագանու անդամ ընտրված Արշավիր Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու 22 ՔՊ-ական անդամները շատ հեռու են համայնքի ղեկավարումից եւ, ընդհանրապես, համայնքի խնդիրներից:

Ըստ Խաչատրյանի՝ ավագանին վերահսկողություն իրականացնող կառույց է, իսկ այդ ցուցակով ընտրված անդամները չգիտեն անգամ, թե ինչի համար են քաղաքապետարանում։ «Անցած ավագանու նիստի ժամանակ ելույթ ունեցա եւ բոլորին դիտողություն եմ արել: Այդ ժամանակ իմ ելույթը չէին ձայնագրել: Ոչ մեկը չի կարդում, թե ինչի մասին է ներկայացված որոշումը, ինչու պետք է այդպես լինի: Ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ 22 ընտրված ավագանու անդամները շատ հեռու են համայնքի ղեկավարումից: Հատուկենտ մարդիկ կարող են լինել, որ որոշակի մի բանի տիրապետեն, բայց նրանք էլ ցանկություն չունեն խորանալ այդ ամենի մեջ: Ես ցավում եմ, փորձում եմ ստիպել՝ աշխատել, բայց թե ինչքանով դա ինձ կհաջողվի այդ թիմի մեջ, դժվար է: Շփվում ենք, քաղաքապետը փորձում է համայնքի համար ինչ-որ բան անել: Որպեսզի մարդը կարողանա աշխատել, պետք է նախ կարողանա փորձված մասնագետի մոտ աշխատել, կարողանա նաեւ ղեկավարել: Անփորձ մարդը որքան էլ ցանկություն ունենա աշխատել, եթե դու փորձ չունես, չես կարող ամեն ինչ անել էնպես, ոնց որ պետք է: Ես խնդիր բարձրացրի:

Օրենքն ասում է, որ խմբակցությանը պետք է տարածք տրամադրվի եւ աշխատակազմ՝ առնվազն գործավար եւ մասնագետ: Ես ներկայացնում եմ մոտ 800 ընտրողի, պետք է կարողանամ իմ ընտրողների շահերը պաշտպանել: Ես դիմել եմ, ասել են՝ սենյակ կտրամադրենք, բայց դուք ձեր հաշվին աշխատակազմը պահեք: Ինչո՞ւ՝ քաղաքապետի ընտրողներն ընտրող են, եւ նա կարող է 1000 աշխատող պահել, չե՞ն կարող գումար տրամադրել՝ աշխատակազմ պահելու համար: Ավագանու նիստի ժամանակ բարեգործական ընկերությանը գումար հատկացվեց: Բարեգործական ընկերությունը ոչ թե պետք է համայնքից փող ուզի, այլ միջոցներ պետք է հայթայթի: Նախ՝ այդ ընկերությունը ֆինանսավորվում է պետբյուջեից եւ ապահովում է ընտրազանգված: Իսկ մեր պարագայում օրենքով գրված է, որը որ պետք է համայնքապետը կատարի»,- ասաց Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, բայց արձանագրենք, որ բավականին աշխատանք է կատարվել քաղաքում, ասֆալտապատում, լուսավորություն, ինչը չի արվել տարիներ շարունակ: Տեղյա՞կ եք, թե այս տարի պետբյուջեից որքան գումար կհատկացնեն քաղաքի համար:

- Ամեն տարի փոփոխություններ են անում, չգիտենք, թե պետբյուջեն այս տարի ինչ կտա համայնքին: Բայց որ ամբողջ հանրապետությունով պետբյուջեից ահռելի մեծ գումարներ ընտրություններից առաջ տրամադրվել են՝ ե՛ւ ասֆալտապատման, ե՛ւ լուսավորության խնդիր է լուծվում, որը երեւացող է, ինչը ես չեմ ընդունում: Պատերազմող երկրում, եթե անվտանգության եւ սահմանի խնդիր ունես, մի՞թե կարելի է ներդրումներ անել համայնքներում: Բոլորիս համար հաճելի է, երբ որ տեսնում ես՝ 40 տարի ոչ մի աշխատանք չի արվել, հիմա ողջ ճանապարհներն ասֆալտապատվում են: Հետո ասում են՝ կեցցե, մեր քաղաքապետից լավը չկա: Ո՞նց կարող է անփորձ, ջահել քաղաքապետն էդ խնդիրները լուծել: Ում էլ գումար տաս, այդ ամենը կանի:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն