Արդեն մի քանի օր է` Լեռնանիստ վարչական շրջանում բնակչությանը սպասարկող երթուղին հանգստյան օրերին չի գործում, իսկ մնացած օրերին տրանսպորտը աշխատում է ոչ լիարժեք գրաֆիկով: Լեռնանիստը Հրազդանի ամենախոշոր համայնքներից է, որն ունի 3000-ից ավելի բնակիչ:

Ըստ բնակիչների, տրանսպորտի խնդիր չեն ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ համայնքը չէր խոշորացել: «Գյուղից ունենք ուսանողներ, աշակերտներ, ովքեր պարապմունքների են գնում, էլ չասենք, որ գյուղացիները տարբեր հարցերով ու գործերով գյուղից դուրս պետք է գան: Բայց արդեն 10 օր է, ինչ տրանսպորտի խնդիր ունենք: Առավոտյան ժամերին շատ հաճախ գազելը չի աշխատում, նույն վիճակն է նաեւ ժամը 5-ից հետո: Մարդիկ ստիպված տաքսիներով են գյուղ հասնում կամ գյուղից դուրս գալիս: Մեր գյուղում ձմեռը շատ ձյունառատ է լինում, անգամ այն տարիներին, երբ առատ ձյուն էր գալիս, էլի տրանսպորտի խնդիր չի եղել, կարող է օրվա մեջ 1 անգամ գազելը չգար, բայց էսպես վիճակ չի եղել»,- մեզ հետ զրույցում նշում էին լեռնանիստցիները: 

Թե երբ կկարգավորվի հանրային երթուղու խնդիրը, հարց ուղղեցինք Լեռնանիստ համայնքի վարչական ղեկավար Մարզպետ Նիկողոսյանին, սակայն նա, խնդրին քաջատեղյակ լինելով հանդերձ, խուսափեց մեր հարցերին պատասխանելուց:

Հրազդանի քաղաքապետարանի տրանսպորտի, առեւտրի եւ սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ Գեւորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասարկող ընկերությունը մինչեւ անցած տարվա վերջ իր պարտականություններն ավարտել է, եւ դա քաղաքապետարանի վերահսկողության ոլորտը չէ, չնայած նրան, որ Լեռնանիստն արդեն Հրազդանի վարչական տարածքն է. «Երկու կազմակերպություն են շահել տենդերը, կազմակերպություններից մեկը սպասարկում էր զույգ ժամերին, մյուսը՝ կենտ: Հիմա էդ կազմակերպություններից մեկը հրաժարվել է սպասարկել երթուղին: Ես խոսել եմ հետը, կազմակերպության տնօրենը փորձել է կրկին սպասարկել, բայց քանի որ ուղեւորների խտությունն իրենց չի բավարարում, ինքը դուրս է եկել, եւ հիմա միայն զույգ ժամերին կաշխատի երթուղին՝ մինչեւ նորը կգա»: 

- Պարո՛ն Աբրահամյան, տենդերը կայացե՞լ է, ո՞ր ընկերությունն է շահել:

- Ես չեմ կարող կոնկրետ ասել այդ կազմակերպության անունը:

-Ասացիք` նոր ընկերություն է շահել, ե՞րբ է սկսվում այդ ընկերության լիազորությունների ժամկետը, որպեսզի երթուղին սկսի աշխատել նորմալ գրաֆիկով։

- Այդ հարցով նույնիսկ նախարարություն եմ զանգել, մեր մարզպետարանի հետ էլ եմ զրուցել, իրենց ինչ-որ ժամանակ է տրված:

ՀԳ. Կոտայքի մարզպետարանից մեզ ասացին, որ վերջին 2 տարում ուղեւորահոսք չլինելու պատճառով երթուղիներից մեկը հրաժարվել է սպասարկել. «Ընդհանուր մարզի միասնական երթուղիների համար անցած նոյեմբեր ամսին տենդեր է հայտարարվել: Տենդերը շահել է «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ն: Նախարարությունը 6 ամիս ժամանակ է տվել, մինչեւ ընկերությունը ավտոբուսներ ներմուծի Հայաստան եւ սկսի ամբողջ մարզում իրականացնել իր աշխատանքը»: 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն