Թիվ 144 դպրոցի նախկին եւ ներկա տնօրենների հակամարտությունը շարունակվում է
Երեւանի թիվ 144 դպրոցում ստեղծված լարվածությունը չի թուլանում։ Երեկ մենք հրապարակել էինք դպրոցի պահակ, ազգությամբ եզդի Մարինե Հաջոյանի ահազանգն այն մասին, որ դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը 4 պահակի ազատում է աշխատանքից՝ նրանց փոխարեն բերելով սեքյուրիթի կազմակերպություն։ Եվ իրենք անգործ են մնում։
Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ էր հաստատել նաեւ դպրոցի նախկին տնտեսվար Ստյոպա Մեջլումյանը, ում եւս նորանշանակ տնօրենն անցած տարի ազատել էր աշխատանքից։ Մեջլումյանը մեզ պատմեց, որ դպրոցի տնօրենն իրեն 3 անհիմն կարգապահական նկատողություն է տվել, որից հետո ազատել աշխատանքից․ «Սկզբում ապրանքներով ես էի զբաղվում, հետո ֆակտուրա են ուղարկում հաշվապահություն, եւ այդտեղ ես տարբերություն տեսա։ Օրինակ, ես 4 պաչկա թուղթ եմ բերել, հաշիվ-ֆակտուրան գալիս է 6 հատով։ Տնօրենին ասում եմ՝ ես 4 հատ եմ բերել, ինչի՞ է 6 հատ գրված, ինքն ասում է՝ տաքսիով 2 հատ բերել են։ Դրանից հետո ես հրաժարվեցի հաշիվ-ֆակտուրայի հետ գործ ունենալ եւ ընդհանրապես հրաժարվեցի ապրանքների հետ գործ ունենալուց։ Դրանից հետո ես տնօրենի աչքից ընկա, այսինքն՝ ես պիտի ելումուտ անեի՝ առանց ապրանքները տեսնելու, մանավանդ որ, ըստ պայմանագրի, ապրանքներ բերելը չի մտնում իմ գործառույթների մեջ»։
Նախկին տնտեսվարի խոսքով՝ առաջին կարգապահական տույժը ստացել է ջրի արտահոսքի պատճառով, հաջորդը՝ 13։30-ին դպրոցից դուրս գալու եւ չվերադառնալու պատճառաբանությամբ․ «Կարգապահականները տվել է 4 ամսվա ընթացքում։ Տնօրենն ինձ հետ շփվում էր միջնորդավորված, մանավանդ իմ հետ հրաժարվում էր շփվել, ես մի քանի անգամ փորձեցի շփվել իր հետ, բայց սկսում էր գոռալ, ինչպես սպիտակ արջը՝ անապատում։ Երկրորդ կարգապահական տույժը տվեց պահակների գրաֆիկ չկազմելու համար, իսկ այդ գրաֆիկը հնարավոր չէր կազմել։ Գրաֆիկն այսպես է․ թերթի ձախ կողմում գրվում են պահակների անունները, աջ կողմում՝ ամսվա օրերը, իսկ դրա տակ գրվում են պահակների կանգնելու ժամերը։ Գրաֆիկը հնարավոր չէր կազմել, քանի որ պահակներից մեկը հիվանդ էր, եւ հնարավոր չէր ամսի 2-ին պարզել, թե երբ կվերադառնա հիվանդ պահակը։ Իսկ երրորդը՝ իբր թե ես 13։30-ին դուրս եմ եկել գործի տեղից եւ չեմ վերադարձել։ Այդ ժամը իմ ընդմիջման ժամն է, ես դուրս եմ եկել եւ վերադարձել եմ։ Իմ պայմանագրի մեջ գրված է, որ իմ աշխատաժամը կախված է նրանից, թե գործը վերջացած է, թե չէ»։
Դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանին զանգահարել էինք պահակ Մարինե Հաջոյանի զանգից հետո, նա հրաժարվել էր մեզ հետ զրուցել եւ մեր հարցերին պատասխանել։ Սակայն երբ տնտեսվարի զանգից հետո կապվեցինք, այս անգամ տնօրենն արձագանքեց նախկին տնտեսվարի մեղադրանքներին․ «Ստյոպա Մեջլումյանի հետ կապված հայցով ՊՈԱԿ-ը դատարանում հաղթել է, մերժել են նրա հայցադիմումը, դա՝ առաջին կարգապահականի մասով։ Ի դեպ, նա նախկին տնօրեն Կարինե Գասպարյանի քրոջ ամուսինն է, հովանավորչությամբ է աշխատել։ Այս ամենը նախկին տնօրենի կազմակերպածն է, նրա ամուսինը պահակային ծառայությունում է աշխատում, տարիներ առաջ նրա որդին՝ Շավարշ Հարությունյանն է այստեղ աշխատել»։
Դպրոցի տնօրենը նշեց, որ նախկին տնօրեն Կարինե Գասպարյանի վերաբերյալ Քննչական կոմիտեում գործ է քննվում․ «Նա ուսուցիչ է ընդունել աշխատանքի՝ առանց դիպլոմի առկայության։ 2020 թվականի հունվարի վերջին Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են՝ որպես տնօրենի, դրանից հետո եղել է տնօրեն Ծատուրյանը, բայց նա է ընդունել Մարինե Հաջոյանին՝ որպես պահակ։ Նա եղել է որպես ուսուցչուհի, կնիքի կեղծում է եղել, որ Ծատուրյանի փոխարեն նախկին տնօրենն է պայմանագիրը կնքել։ Այսպիսի խառնաշփոթ է եղել»։
Տնօրենն անդրադարձավ նաեւ մեզ ահազանգած Մարինե Հաջոյանի խնդրին, ըստ որի՝ տնօրենն ասել է, թե եզդին չպետք է աշխատի․ «Այս դպրոցում եզդի 3 հոգի են աշխատել, եթե ես տրամադրվածություն ունենայի Մարինե Հաջոյանի նկատմամբ, չէի դնի նաեւ նրա վրա մաքրուհու պարտականություններ։ Այստեղ է աշխատում նաեւ նրա սկեսուրը՝ որպես մաքրուհի եւ դռնպահ, ես որ եկա տնօրեն, աշխատանքի ընդունեցի նաեւ Մարինե Հաջոյանի ամուսնուն։ Բոլորս պատերազմի օրերին հավաքվել ենք եւ մեր օգնությունն ենք ցուցաբերել նրա զինծառայող որդուն։ Ես՝ ինքս, իմ անձնական միջոցներից օգնություն եմ ցուցաբերել, ես միշտ զինվորի կողքին գտնվող անձնավորություն եմ։ Այդ ամեն ինչը մտացածին է, նախկին տնօրենն է այս ամենը կազմակերպել»։ Նա նաեւ նշեց, որ սեքյուրիթի կազմակերպությունը դպրոց բերելով՝ տարեկան 1 միլիոն դրամի խնայողություն կանեն։
Hraparak.am