ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Երեւանի Դավթաշեն առաջին թաղամաս 39 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքը՝ 172 քմ, 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը: Տարածքը ԵԿՄ-ին էր տրամադրվել 2020 թվականի ամռանը՝ 5 տարի ժամկետով: Երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր, քաղաքապետարանը որոշել էր վաղաժամկետ լուծել պայմանագիրը: Քաղաքապետը փոխվեց ու ԵԿՄ-ն 5-ի փոխարեն 10 տարի է անվարձահատույց տնօրինելու նշված տարածքը:

Այս նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսպես է հիմնավորում որոշման ընդունման անհրաժեշտությունը. ԵԿՄ-ն աջակցում է հայրենիքի հզորացման եւ հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը եւ պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ցույց է տալիս բարոյական ու նյութական օգնություն, աջակցում է նրանց քաղաքացիական իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

Սա այն ԵԿՄ-ն է, որի ղեկավար Մանվել Գրիգորյանին այս իշխանությունը ազատազրկեց, «տուշոնկա-շոու» սարքեց: Այդ օրերին կազմակերպության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ էր ԵԿՄ ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանը: Իսկ հիմա զուգահեռներ.

Մանվել Գրիգորյանը նախկին իշխանության հետ էր մտերիմ, Սասուն Միքայելյանը՝ այս իշխանության: 

Նախկին իշխանության օրոք Մանվել Գրիգորյանի որդին էր մի քաղաքի քաղաքապետ, այս իշխանության օրոք Սասուն Միքայելյանի որդին է մի քաղաքի քաղաքապետ: 

Նախկին իշխանությունը իր սիրելի Մանվել Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությանն էր անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տալիս: Այս իշխանությունը իր սիրելի Սասուն Միքայելյանի ղեկավարած կազմակերպությանն է անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տալիս:

Մանվել Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունն էլ էր ռազմահայրենասիրությունից խոսում, Սասունի Միքայելյանի ղեկավարած կազմակերպությունն էլ է ռազմահայրենասիրությունից խոսում:

Իսկ հիմա ոչ հեռավոր պատմություն: Ահա` միայն Երեւանում տարածքներ, որ անվարձահատույց օգտագործման են տրվել ԵԿՄ-ին. Պարոնյան փողոցում (Կենտրոն վարչական շրջան)՝ 408,7քմ, Ավան վարչական շրջանում՝ 128,1 քմ, Վիլնյուսի 43/2 (Նոր նորք վարչական շրջան) 302,5քմ, Խաղաղ Դոնի 1 (Էրեբունի վարչական շրջան) 402,3քմ, Անդրանիկի 125/5 (Մալաթիա-Սեբաստիա )152,24 քմ, Ազատության 12 (Արաբկիր) 30,7 քմ տարածքը, Եղիշե Թադեւոսյան (Շենգավիթ) 11/1 309,3քմ եւ այլն:

Այս տարածքների գերակշիռ մասը նախկինում մանկապարտեզներ են եղել: Պարոնյան փողոցի 408,7 քմ տարածքն անվարձահատույց օգտագործման իրավունքով տնօրինող ԵԿՄ-ն, տարածքի մի մասը վարձակալության է տվել ու «փող աշխատել»: Վարձակալված տարածքում մերսման սրահ էր բացվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս ամենը մի բան է նշանակում՝ ԵԿՄ-ն նոր տարածքներ «բաշխելու» կառավարության որոշումն առնվազն մտածված չէ: Ինչո՞ւ անվարձահատույց տարածք տալ մեկին, որը ոչ թե գործունեություն է ծավալում, այլ՝ պետության տվածը վարձով տալիս ու «փող է աշխատում»: Պետությունն էլ հետագայում քրեական գործ է հարուցում:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն