Գերիների թվերն ու դրանց տարբերությունները․ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ փաստերը կեղծելով
Ադրբեջանում պահվող 30 անձի վերաբերյալ հայկական կողմը փաստեր ունի, սակայն Ադրբեջանը հերքում է դրանք։ Քննչական կոմիտեի տվյալներով 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանական թվերը բոլորովին այլ են․ նրանք հաստատում են 46 անձի՝ Ադրբեջանում գտնվելու փաստը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից հաստատված գրեթե բոլոր ռազմագերիների դեմ քրեական գործեր են հարուցված։
«Մենք շուրջ 30 անձի վերաբերյալ խնդրահարույց դեպքեր ունենք։ Հստակ տեսահոլովակների, լուսանկարների միջոցով արձանագրված է անձանց գերեվարված լինելու փաստը, բայց, ցավոք, այդ անձանց վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք Ադրբեջանից չենք ստացել»,– ասում է Լիպարիտ Դրմեյանը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ պատերազմից հետո անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս դեպքում նույնպես Ադրբեջանն այլ թվեր է ներկայացնում՝ ընդամենը 46 գերի, այսինքն՝ շուրջ 4 անգամ ավելի քիչ հայկական կողմի թվերից։ ՀՀ ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը բացատրում է․
«Ադրբեջանը փորձում է հումանիտար խնդիրը քաղաքականացնել՝ դրանով իսկ ռազմական կամ այլ դիվիդենտներ շահելով։ Այս տարբերությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը թաքցնում է մարդկանց, չի տրամադրում պատշաճ տեղեկություններ նրանց գտնվելու վայրի մասին։ Դրա մասին են խոսում նաև միջազգային փաստաթղթերը, երբ, օրինակ, ՄԻԵԴ–ը դիմել էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանը պատշաճ չի համագործակցում այն հարցերում, որոնք վերաբերում են ռազմագերիներին»։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 300 անձի վերաբերյալ հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ Նրանց մի մասը գերեվարվածներ են, մյուսները՝ անհետ կորածներ։ Գերիների վերադարձի ուղղությամբ միջազգային իրավական հարթակում աշխատանքները են տարվում։ Լիպարիտ Դրմեյանն ասում է՝ այդ դիմումները ներկայացել են ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնպես էլ անհատ անձինք՝ գերիների հարազատները։
Հայաստանը պարբերաբար դիմում է միջազգային ատյաններին՝ պահանջելով, որ Ադրբեջանը մանրամասն տեղեկատվություն ներկայացնի այդ երկրում գտնվող գերեվարված անձանց մասին, սակայն Լիպարիտ Դրմեյանը նկատում է՝ որպես կանոն՝ Ադրբեջանը միջազգային դատական ատյանների որոշումները չի կատարում։
«Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը տրամադրել է տեղեկատվություն, փաստաթղթեր, բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում տեղեկատվությունը շատ սահմանափակ է։ Ադրբեջանը ընդամենը հաստատում է այս կամ այն անձի՝ իր մոտ գտնվելը և այն, որ նրա ֆիզիկական վիճակին որևէ բան չի սպառնում։ Դեկտեմբերին գերիների վերադարձ եղավ, և արդեն հետին ամսաթվով Ադրբեջանը հաստատեց, որ այդ մարդիկ ինչ-որ պահի գտնվել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո»,-ասում է Դրմեյանը։
ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը հիշում է՝ եղել է նույնիսկ դեպք, երբ Ադրբեջանը հերքել է կոնկրետ անձի՝ Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ ինֆորմացիան, սակայն որոշ ժամանակ անց այդ անձին վերադարձրել է հայրենիք։ Ղազինյանն ասում է՝ եղել են նույնիսկ դեպքեր, երբ ժամկետից շուտ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում դատապարտված անձինք։
Վերջին անգամ Ադրբեջանից գերիներ են վերադարձել 2021-ի դեկտեմբերի 29-ին։ Հայրենիք վերադարձած 5 հայ զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 10 ռազմագերու՝ գերեվարված դարձյալ նոյեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 140 հայ գերու։ ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանն ասում է՝ այս պահին Ադրբեջանում գտնվող գրեթե բոլոր ռազմագերիների դեմ քրեական գործեր են հարուցված․
ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյան
«Եվ ի՞նչ է տեղի ունենում․ մարդկանց դատում են խոշտանգումների հիմքով ձեռք բերված փաստերի հիման վրա։ Մարդկանց խոշտանգում են, ցուցմունքը վերցնում են և դրա հիման վրա դատում, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Նրանք հիմնականում մեղադրվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու և սահմանը ապօրինի հատելու համար»,-ասում է Սերգեյ Ղազինյանը։
Միջազգային ատյաններում այս պահին գերեվարված ու անհետ կորած հայորդիներին վերաբերող մի քանի դատական գործընթաց է ընթանում։ 2021-ի սեպտեմբերի Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Հայցով Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահվող անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո՝ զինված բախումների ժամանակ։
Դեկտեմբերին Հաագայի դատարանը մերժել էր Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու` հայկական կողմի պահանջը, բայց արձանագրել էր, որ գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց` ազգությամբ հայ լինելով։ Դրանից ելնելով էլ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել պայմաններ, որպեսզի գերեվարվածները չենթարկվեն արժանապատվությունը նվաստացվող վերաբերմունքի։
hy.armradio.am