Մեկնարկեց Տարոն Մարգարյանի եւ Արման Սահակյանի գործով նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Արման Սահակյանի եւ Տարոն Մարգարյանի գործով դատական նիստը։
Նիստին ներկայացել էին Մարգարյանը, Սահակյանը, մի քանի ամբաստանյալներ, պաշտպաններն ու դատախազը, սակայն այն հետաձգվեց, քանի որ 5 ամբաստանյալ չէր ներկայացել դատական նիստին։
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ 10։30-ին։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանների ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի` այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն: Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։
Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, հանրապետական Արման Սահակյանն էլ, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Hraparak.am