«Հոլոքոստի հիշողության շաբաթ» Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:
Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկել է հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քրիստինա Հանսելը և այլք:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ին և փետրվարի 2-ին տեղի են ունեցել ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի կողմից կազմակերպված 2 քննարկում-հանդիպումներ:
Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում առցանց դասախոսությամբ հանդես է եկել Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթս, ում հայրը, լինելով նացիստական համակենտրոնացման ճամբարներում, հրաշքով փրկվել է Հոլոքոստի սարսափներից: Բանախոսը ներկայացրել է «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով դասախոսությունը, որին հաջորդել է հարցուպատասխան և հետաքրքիր քննարկում ծավալվեց:
«Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքն ավարտվել էփետրվարի 2-ին՝ Յադ Վաշեմի կողմից 2013 թ. Երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Աննա Խաչատրյանը ներկայացրել է իր պապի պատմությունը, որը Հոլոքոստի տարիներին վտանգելով իր կյանքը փրկել էր հրեա Իոսիֆ Կոգանին: Հարություն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին է, որն արժանացել է Երախտավորի կոչմանը (25 այլ՝ ազգությամբ հայերի կողքին):
hy.armradio.am