Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ նոր առաջարկներով։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հինգշաբթի Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար: Ադրբեջանն ասել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ «Հայաստանը, որը 30 տարի «օկուպացրել» է «ադրբեջանական հողերը» (չակերտները՝ Tert.am), չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ 

«Սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։

«Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- շեշտել է արտգործնախարարը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն