Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Վլասիուսի) հոբելյանական 1050-րդ Փառատոնին, որի բացմանը ներկա են եղել Խորվաթիայի նախագահը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքապետեր, քաղաքական, մշակութային և եկեղեցական էլիտան, տասնյակից ավելի դեսպաններ:

Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)՝ Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբը, քաղաքի պահապանը, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում:

Դուբրովնիկի Սուրբ Վլախ եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր:

ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Դուբրովնիկի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին, Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը, որի ընթացքում կարճատև զրույցներ է ունեցել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի, մի շարք նախարարների և քաղաքապետերի, արվեստագետների հետ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն