Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:
Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։
Երևանյան կանգառասրահները պետք է արդիականացվեն. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, իր դժգոհությունը հայտնելով կանգառասրահների ներկա վիճակից, ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Հանձնարարել է մինչ ծրագրի իրականացումը հետևողական աշխատանք տանել նախ դրանց տարածքները մաքուր պահելու ուղղությամբ:
hy.armradio.am