Գործող իշխանությանը հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ մեղադրելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» ու պնդում էր, որ ինքը գալիս է իշխանության՝ քաղաքացու հաղթանակի եւ երջանկության համար: Եկավ, բայց այլ նպատակով: Եկավ ու շատ արագ ընդօրինակեց իր իսկ մերժած արատները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը, մասնագիտական որակներն անտեսելն ու ծանոթներին պաշտոն տալը, մտերիմներին երես տալը, որ կռիվներ ու ընդհարումներ են սարքում եւ մնում անպատիժ, պետական խոշոր մրցույթների արդյունքում մտերիմների ընկերություններին հաղթող ճանաչելը եւ այլն: Վերջին նման դրսեւորումը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքն էր:

Թուրքական տնտեսական հնարավոր ներխուժման մասին մտահոգության թեման հասավ Հայաստանում թուրքերի ունեցած անշարժ գույքին եւ Վահան Քերոբյանը նկատեց. Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։ Եթե Հայաստանի անշարժ գույքի շուկայում թուրքական ներկայությունը ռիսկ է, ինչո՞ւ մերժող կառավարությունը չի մերժում մերժվածների աշխատաոճն ու փակում թուրքական ներխուժումը: Եթե ռիսկ չէ, ինչո՞ւ է մերժող կառավարությունը, իր սովորության համաձայն, պնդում, թե առկա վիճակի հիմքերն ինքը չի դրել: Այս ամենից ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս կամ այն երեւույթը, իրողությունը, դրվածքը մերժում է ըստ նպատակահարմարության: Այսպես արդեն քանի տարի: Ցանկալի է իմանալ՝ կա՞ չափանիշների, սկզբունքների որոշակի ամբողջություն, որով առաջնորդվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժումների իր ծրագրերում: 

2018 թվականի իշխանափոխության, որին դուք անվանում եք «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն», կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»: Անցել է մոտ 4 տարի, սակայն դեռ կան ձեր մերժած իշխանության կառավարման օրոք գրանցված արատավոր երեւույթներ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը, մասնագիտական որակներն անտեսելն ու ծանոթներին պաշտոն տալը, մտերիմներին երես տալը, որ կռիվներ ու ընդհարումներ են սարքում եւ մնում անպատիժ, պետական խոշոր մրցույթների արդյունքում մտերիմների ընկերություններին հաղթող ճանաչելը, դատարանների վրա ճնշելն ու քաղաքական հակառակորդներին քրեական օրենսգրքով պատժելը, քաղաքացուն տուգանքի մատերիալ դիտելը եւ այլն: 

Այժմ մի քանի հռետորական հարց՝ ուղղված իշխանություններին․

1. Ի՞նչ նկատի ունեիք 2018 թվականին, երբ ասում էիք՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»: Այդ որ գործընթացները կամ դրսեւորումներն էր, որոնք մերժում էիք այն ժամանակ դուք եւ ձեզ հետ միասին՝ ողջ հանրությունը եւ որոնց դեմ պայքարել եք այս տարիներին։

 2. Նշեք գեթ մեկ-երկու արատավոր երեւույթ, որ կար 2018-ից առաջ եւ իսպառ վերացել է ձեր կառավարման շնորհիվ:

Արեգ Մարգարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն