Վեթինգի «soft» երանգները․ ինչու է ցնցվում դատաիրավական համակարգը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման որոշումը հերթական առիթն է դարձել Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները քննարկելու համար։ Դրանց մասին այսօր խոսել են իրավապաշտպանները, պաշտոնյաները, ոլորտի մասնագետները։
Եվրոպական կառույցներն իրենց զեկույցներում նշում են դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը, գործող իշխանությունն արդեն մի քանի տարի համակարգում բարեփոխումներ է խոստանում ։ Տևական ժամանակ քննարկվում էր վեթինգ կիրառելու հնարավորությունը, արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում այսօր նոր՝ «Soft-վեթինգ» ձևակերպումն է օգտագործել։
Այն, ինչ կատարվում է դատաիրավական համակարգում, քաղաքական տարբեր թևերում տարբեր որակումներ է ստանում։ Եթե ընդդիմությունը դատավորին կալանավորելու որոշումը համեմատում է «արդարադատության դագաղում վերջին մեխ խփելու» հետ, ապա իշխանության ներկայացուցիչները խոսում են «soft»-վեթինգի՝ պետական և քաղաքական գործիչների նուրբ կամ թեթև զտման մասին։ Այս թեմայով խորհրդարանում բանավեճ ծավալվեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի և արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի միջև։
Ագնեսա Խամոյան․ «Դատավոր Բախշիյանը կալանավորվել է։ Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնող արդարադատության դագաղի մեխը դրվեց»։
Գրիգոր Մինասյան․ «Կարծում եմ, այդ դագաղի մեխը խրված էր անցյալում, երբ երբեք նման քննարկումներ չեն եղել և երբեք դատավորին իր լիազորություններից դուրս և ենթադրյալ ապօրինություններ գործելու համար պատասխանատվության չեն ենթարկել։ Իսկ այսօր հենց սա է առողջացումը։ Հենց սա է «soft»-վեթինգը, և բոլորս պետք է ուրախ լինենք, որ նման քննարկումներ կան, և մեր հասարակությունը, որ տարիներ շարունակ ունեցել է օբյեկտիվ դժգոհություններ դատական համակարգից, բոլորս կարողանում ենք հիմա ինչ–որ լավ գործ անել»։
Հայաստանի գլխավոր դատախազը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԲԴԽ–ն համաձայնություն է տվել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ որոշում կայացրել։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Ավելի վաղ՝ հունվարի 26-ին, Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Այս դատավորն է քննում նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը: Հիմնականում քաղաքական ուղղվածության գործեր քննող դատավոր Բախշիյանը 2 ամիս կալանքի տակ կմնա, նրա փաստաբանները որոշումը համարում են անհնազանդ դատավորի պատժելու միջոց։ Փաստաբան Երեմ Սարգսյան․ «Ժողովրդավարությունը գլորվեց անդունդ, որպեսզի մյուսների աչքը վախենա»։
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը շրջանցում է բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են իր ընտանիքին, մասնավորապես եղբորը՝ Միքայել Մինասյանին և իշխանափոխությունից հետո իրավական համակարգի ուշադրության կենտրոնում հայտնված հորը՝ «Գրիգոր Լուսավոիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանին։ Փոխնախարարը քաղաքական միտում է տեսնում իր ընտանիքի խնդիրները և հանրապետական անցյալը հիշեցնելու հիմքում։
«Մարդիկ ունեն մտավախություն, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում։ Դա է պատճառը, որ նման քննարկումներ են տեղի ունենում։ Մենք բոլորս պետք առաջնորդվենք այն սկզբունքով, որ ուզում ենք ունենալ լավ դատաիրավական համակարգ։ Ունենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, և այնտեղ բոլոր այն մտահոգությունները, որ ունեն մեր քաղաքացիները, առկա են։ Կառավարությունը, արդարադատության նախարարությունը՝ որպես ոլորտի պատասխանատու, մեծ ջանքեր պետք է դնի, որ մենք բոլորս գոհ լինենք այսօրվա դատաիրավական համակարգից ամբողջությամբ»։
Արդարադատության փոխնախարարը այս շաբաթ խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելու է նախագծեր, որոնք կանոնակարգելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքը։ Այդ կառույցում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ձայների շեմը իջեցվում է, խորհրդակցական սենյակում որոշում կայացնելիս քվեարկությունը դառնում է բաց։ Այս ամենում վտանգավոր ռիսկեր է տեսնում «Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը․
«Ես ենթադրում եմ, որ բաց քվեարկությունը արդեն իսկ որոշակի քաղաքական զսպվածություն է թելադրելու մեր անկախ դատավորներին։ Եվ երկրորդ՝ եթե վեց հոգի են մասնակցում, և նիստը իրավազոր է, այսինքն՝ չորս հոգով կարող են կարևորագույն որոշումներ կայացնել՝ դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու, քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Մենք ԲԴԽ չորս անդամին իրավունք են տալիս այս կարգի որոշումներ կայացնել։ Սա իսկապես կարող է դառնալ սարսափելի մահակ դատական համակարգի համար։ Նման փոփոխությունները զուտ օրախնդիր հարցեր լուծելու համար են, և ամենևին նպատակ չունեն բարելավել դատական համակարգը»։
Նման հայտարարություններին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է օրինակով՝ ԲԴԽ աշխատանքից․
«Որևէ սահմանափակում չկա, որպեսզի ԲԴԽ բոլոր անդամները մասնակցեն նիստին, բայց ԲԴԽ ձևավորումից հետո պրակտիկան վկայում է, որ տարբեր պատճառներով ոչ բոլորն են կարողանում մասնակցել նիստին, և սա շատ դեպքերում հանգեցնում է այնպիսի իրավիճակների, երբ, ըստ էության, նիստի իրավազորությունը կասկածի տակ է դրվում։ Ոչ բարեխիղճ դատավորները, հասկանալով, որ պատասխանատվությունը այդուհանդերձ իրենց չի հասնելու, կարող են կատարել ամեն ինչ։ Սա , իմ կարծիքով, ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է բաց քվեարկությանը, ապա խորհրդակցական սենյակում քվեարկությունը դիտարկվում է փակ, քանի որ հասանելի չէ հանրությանը, թե ով ինչպես քվեարկեց»։
Հնչող քննադատություններին ի պատասխան՝ իշխանական թիմից որպես հակափաստարկ ներկայացվում է նաև միջազգային կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ–ի գնահատականը դատաիրավական ոլորտի մասին։ Մեջբերում են վերջերս ընդունված բանաձևի հատկապես այն հատվածը, որտեղ նշվում է, որ հանրությունը շարունակում է չվստահել դատաիրավական ոլորտին։ Բանալի բառը համարում են «շարունակել»–ը, որը ցույց է տալիս համակարգի հանդեպ հանրության վերաբերմունքը նաև նախկինում։
hy.armradio.am