«Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը կազմել է գիտաարդյունաբերական կենտրոնների «թոփ» ցանկը, որում ներառվել են նաև հայազգի գիտնականներ ու գիտական կենտրոններ։ Ցանկում, մասնավորապես, ԽՍՀՄ- ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիր Արտեմ Ալիխանյանի, առաջին կին ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահխաթունու անուններն են ։

Փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Արտեմ Ալիխանյանի ղեկավարած թիմը  70-ականներին մշակեց ու գործարկեց ԽՍՀՄ-ի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը։ Բարդ սարքավորման ստեղծումը դժվարագույն փորձություն դարձավ։ Գիտնականներից շատերն այն նույնիսկ «Ալիխանյանի արկածախնդրություն» անվանեցին։  Հայակական արագացուցիչի պատմությունը  գրվեց ֆիզիկայի ինստիտուտում։ Հայտնի ինստիտուտի անցած ճանապարհը նախանձելի է անգամ գիտական հեղինակավոր հաստատությունների համար, այն նույնիսկ  համեմատում են Հարվարդի համալսարանի հետ։ Այսօր էլ ինստիտուտն իր ահռելի փորձով շարունակում է  համագործակցել  աշխարհի խոշորագույն գիտական կենտրոնների հետ՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը.

«Բացի արագացուցչից՝ ինստիտուտն առաջին հերթին Արագածի գիտական կայանն է եղել, որտեղ տիեզերական ճառագայնթեր են ուսումնասիրվել։ Մենք հիմա փորձում ենք վերականգնել կորցրած ենթակառուցվածքները, ձեռք բերել ժամանակակից գիտական սարքավորումներ, լաբորատորիաներ։ Մենք ունենք առաջատար դետեկտորների լաբորատորիա, կրիոգեն կայան։ Նախորդ երկու տարիներին ֆիզիկայի ինստիտուտը մեծ աջակցություն ցուցաբերեց  Հայաստանին ՝ թթվածին արտադրելով Քովիդի համար»։

Ինստիտուտի գլխավոր խնդիրը երիտասարդ ներուժի պակասն է։ Առանց գիտական գործուն միջավայրի՝ երիտասարդներն իրենց ապագան գիտության մեջ պարզապես չեն պատկերացնում։ Ինստիտուտի առանցքը ավագ սերնդի գիտնականներն են, որոնց փորձի ու ձեռքբերումների շնորհիվ է  «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»-ն ներառվել «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության կազմած գիտաարդյունաբերական կենտրոնների «թոփ» ցանկում։

Սա ԱՊՀ շրջանակում գիտական ու մշակութային համագորկածցությամբ զբաղվող կառույց է, որն իր գլխավոր նպատակներից մեկը համարում է  հումանիտար կապերի զարգացումը։

Կառույցի կազմած ցանկում  է նաև Ելիզավետա Շահխաթունին՝ ԽՍՀՄ- ում առաջին կին ավիակոնստրուկտորը և 41 համաշխարհային ռեկորդ սահմանած «Անթեյ» ինքնաթիռի ստեղծողը: Ելիզավետային  նույնիսկ «պողպատե հայուհի» էին անվանում։ Երևանում ռուսական տան կազմակերպության ներկայացուցիչ Լուիզա Սարգասյանը հայտնեց, որ թոփ ցանկում հիմնականում աշխարհում առաջատար դիրքեր ունեցող  գիտական կենտրոններ են.

«Այդ թոփ ցանկում հիմնականում ռուսական գործարաններ ու կազմակերպություններն են, ինչպիսիք են ռուսական  «Տրանզաս» ընկերությունը, որը ծովային էլեկտրոնային քարտեզների, և նավիգացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատարն է։ Նաև Բուդկերի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտն է, որը ևս աշխարհում  առաջատար դիրքերում է։ Ռոստեխկորպորացիան, որը զբաղվում է ռուսական բարձր տեխնոլոգիական արտադրանքով և արտահանմամբ։ Երևանում ռուսական տունը այդ ցանկին ավելացրել է նաև հայտնի հայ գիտնականների անուններ, որոնք մեծ ներդրում են ունեցել  ԽՍՀՄ–ում գիտության ասպարեզում, որոնցից են նաև Ալիխանյանը և ֆիզիկայի ինստիտուտը»։ 

Ցանկում հայտնվելու մասին ֆիզիկայի ինստիտուտում մեզանից տեղեկացան։  Նույնիսկ անակնկալի եկան։ Փոխարենը հայ գիտնականների անունները ցանկում ներառելը բավականին տրամաբանական են համարում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունում և կարծում, որ սա ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ խորհրդային գիտական նվաճումները գրանցվել են նաև հայ գիտնականների շնորհիվ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն