Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո, փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է. «Միաժամանակ՝ չպետք է այնպես անենք, որ գործադիրից եւ վարչապետից լիազորություններ վերցնենք ու տանք նախագահին կամ ԱԺ-ին՝ այն տրամաբանությամբ, որ հետո էլի ճգնաժամեր ստեղծվեն։ Գիտենք, թե մենք ինչ տարածաշրջանում ենք։ Եթե սահմանադրությամբ չկարողանանք կառավարել անկայուն իրավիճակները, դա կբերի քաոսի․․․հիմա ուժեղ է վարչապետի ինստիտուտը, բայց եթե թուլացնենք ու ինչ-որ լծակներ վերցնենք ու ճգնաժամի ժամանակ չթողենք, որ վարչապետը լինի միահեծան ղեկավար, ապա կարող ենք քաոսի առաջ կանգնել»։

Նախ, մենք տեսանք ու զգացինք, թե սահմանադրությամբ ինչպես են կարողանում կառավարել իրավիճակները, ինչն էլ պարբերաբար հանգեցնում է քաոսի:

Այո, վարչապետի ինստիտուտը սարսափելի ուժեղ է և ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանին «իր հագով Սահմանադրություն» կարելու համար այդքան քննադատած Նիկոլ Փաշինյանը հրաժարվելու է սուպերվարչապետի կարգավիճակից եւ համաչափորեն բաշխելու է լիազորությունները։ Իսկ եթե այդպես չէ, ուրեմն պետք է ուղղակիորեն խոստովանել, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը պետք է լինի միահեծան ղեկավար եւ ոչ մի ինստիտուտ իրավունք չունի նվազեցնել նրա լիազորությունները: Զարմանալ կարելի է, թե արդարադատության նախարարն ինչու է նման ոլոր-մոլոր խոսքեր ասում՝ ինչ-որ անդեմ վարչապետի ինստիտուտի: Վարչապետը Նիկոլ Փաշինյանն է կամ՝ ոչ-ոք: Հենց այսպես:

Իսկ միահեծան ղեկավարի կարգավիճակ կարող է լինել միայն նրա համար, որպեսզի միահեծանը հանգուցալուծի ճգնաժամային իրավիճակները, այլ ոչ թե ինքը ստեղծի ճգնաժամային կամ քաոսային իրավիճակ, հետո էլ կանգնի դրանց առաջ, երկիրն էլ կանգնեցնի:

Գագիկ Վարդանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն