Ադրբեջանի խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար։ Իրականում այդ կոչերի տակ ազնիվ մղումներ չկան, փոխարենը բազմաթիվ են օրինակներն ու անհերքելի՝ փաստերը, որ Ադրբեջանն էթնիկ ատելությունից արդեն կրոնական ատելության քարոզին է անցել՝ պետական մակարդակով  հրահրելով թշնամանք, ավերելով հայկական եկեղեցիները, սակայն միաժամանակ մեղադրանքներն ուղղելով Հայաստանի դեմ։

Էթնիկից արդեն կրոնական․ Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով ատելություն է քարոզում՝ հրահրելով կրոնական թշնամանք ու դրան զուգահեռ, բացարձակ կեղծիքի դիմելով, Հայաստանին մեղադրում իսլամոֆոբիայի մեջ։ Հենց  պետական մակարդակով են ձեռնարկվում բոլոր քայլերը՝ փոխելու հայ եկեղեցիների ու վանքերի պատմությունն ու պատկանելությունը: Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյան.

«Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամոֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Եթե իսլամոֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանի։ Իսկ իրենք ինչպե՞ս կբացատրեն Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը, Մատաղիսի սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պղծումը։ Բաքվում կա հայկական եկեղեցի, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  խաչը հեռացված է, խորանը բացակայում է, գերեզմանաքարերը հեռացված են։ Պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի»։

Ձեռագիրը չի փոխվել․ հայկականությունը վերացնելու ուղղությամբ Ադրբեջանը միջոցների առաջ կանգ չի առնում։ Արցախի թեմի առաջնորդ Տեր-Վրթանես  եպիսկոպոս Աբրահամյանն է ասում  «Ռադիոլուրի»–ին․

«Իրենք չեն ուզում, որ այստեղ  քրիստոնեական հետքեր լինի, քանի որ դա վկայություն է, վկայականներ են , որոնք ջնջում են։ Քոչվոր ցեղի բնույթի համաձայն՝  իրենք իրենց գործն անում են։ Մեր անտարբերությունն է, որ դարձել ենք խոցելի»։

Ակնհայտ է, որ հայ հոգևոր մշակութային  ժառանգության հանդեպ տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն։ Եվ այսօր մենք  մեր եկեղեցիների ոչնչացման մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերի հրապարակումներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանն ասում է՝ հենց այդ հրապարակումներից էլ տեղեկացել  է, որ պղծվել են Հադրութի խաչքարերը, եկեղեցին։

«Կասկած կա, որ այս եկեղեցիներից բացի՝ այնտեղ գտնվող մյուս եկեղեցիները նույն բախտին են արժանում։  Քրիստոնյա աշխարհը պետք է այս մասին բարձրաձայնի։ Հայ եկեղեցին բազմիցս դիմել է քրիստոնյա աշխարհին՝ միջեկեղեցական, կրոնական  կառույցներին,  որ իրենց ձայնը բարձրացնեն։  Դիմում է ներկայացրել նաև  մշակութային ժառանգությամբ զբաղվող կառույցներին, ինչպիսին է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ։ Իհարկե, բոլորին ուղղված հայցը եղել է, որ նրանք իրենց առաքելության շրջանում  ապահովեն մեր ժառանգության պահպանումը»։

Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրենը հիշեցնում է՝  միջազգային խոշոր գիտաժողովի ժամանակ Վեհափառ  Հայրապետը  ողջ աշխարհի միջեկեղեցական քրիստոնեական կարևորագույն կառույցների նախագահներին  ներկայացրել է  ադրբեջանցիների կողմից իրականացվող  մշակութային ցեղասպանության քայլերը։ Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանն  ասում է՝ հայկական  եկեղեցիների   պատկանելության հանգամանքը կասկածի տակ առնելը քաղաքական հիմքեր ունի․

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունն ուսյալ է  ու քաջատեղյակ այս ամենից։ Պատմությունը չես կարող նորից գրել, պատմությունն արդեն իսկ գրված է։ Եթե այսօր մեդիայի միջոցով մանիպուլյատիվ քայլերով փորձ է կատարվում ներկայացնել հակառակը, դա արդեն այլ դաշտ է մտնում»։ 

 Հայաստանի ՄԻՊ-ի վերջին զեկույցն իր հերթին է անհերքելի փաստեր ներկայացնում․ ադրբեջանական վայրագությունները պատկերող տեսանյութերից ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները գործում են հակահայկական կրոնական մոլեռանդությամբ։ Կադրերում երեւում է՝ ինչպես են վայրենաբար հեռացվում ու ոչնչացվում հայ գերիների կրած խաչերը։ Խախտվել են նաև գերիների կրոնական իրավունքները։ Ավելին, հայ ռազմագերիներից մեկը ենթարկվել է խոշտանգումների և նվաստացման հենց կրոնական հողի վրա։ Փորձելով նրան հարկադրել կրոնափոխ լինել՝ այրել են նրա ոտքը և շարունակ խոշտանգել։

Օրինակները շատ են, փաստերն՝  անհերքելի․ Ադրբեջանն էթնիկ ատելությունից արդեն կրոնական ատելության քարոզին է անցել՝ միաժամանակ մեղադրանքներն ուղղելով Հայաստանի դեմ։

Քրիստոնյա աշխարհը պետք է այս մասին բարձրաձայնի՝ ակնկալում են հոգեւորականները, իսկ իրավական դաշտում խոսում են իրավական պատասխանատվության անհրաժեշտության մասին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն