Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծվել է Փառքի սրահ
Սեւան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Փառքի սրահն այսուհետ սերունդներին կպատմի Արցախյան պատերազմներում հերոսացած դպրոցի նախկին սաների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը` Փառքի սրահը բացվել է հուշ-ցերեկույթով, որը նվիրված էր Արցախյան պատերազմներում հերոսացած դպրոցի նախկին սաների հիշատակին։ «Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի անունը կրող թանգարանը վերանորոգվել եւ այժմ այն կոչվում է Փառքի սրահ, որտեղ ներկայացված են Արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմներում զոհված մեր նախկին սաները: Փառքի սրահն այսուհետ դառնում է հայրենասիրության դասեր ստանալու լավագույն միջավայր։ Առաջին հերոսացած անձը Արցախյան առաջին պատերազմի մասնակից, գնդապետ Վլադիմիր Կարապետյանն է։ Այնուհետև անմահության երթին միացել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ կապիտան Արման Պողոսյանը, շարքայիններ Կարեն Մինասյանը, Արթուր Պողոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Խաչիկ Խաչատրյանը։ Նրանց գործած սխրանքները, անուրանալի նվիրումը մեր դպրոցին, մեր հայրենիքին միայն փառք ու հպարտություն են բերել։ Նրանց անունները կապրեն մեր սրտերում ու կապրեցնեն Հայաստան աշխարհը»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը։
Խոսրով Խլղաթյան
Armenpress.am