ՆԱՏՕ-ն արձագանքել է 8 հայ ռազմագերիների ազատ արձակմանը
ՆԱՏՕ-ն արձագանքել է ադրբեջանական գերությունից ութ հայ զինծառայողների վերադարձին Հայաստան:
«Դա իսկապես լավ նորություն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն գնահատում է գործընկերությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
«Դաշինքն աջակցում է այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը և բարգավաճմանը»,- նշել է Կոլոմինան:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ վերադարձվել են Հայաստանին:
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները: Նրանք են Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։
Armeniatoday.news



















