Փետրվարի 7-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ ՈՒխտի միջև» համագործակցության համաձայնագրով նախատեսված Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Մալթայի Ուխտի միջազգային համագործակցության նախարար արքայազն Դոմինիկ դե Լա Ռոշֆուկո-Մոնբելի համանախագահությամբ կայացած առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Մալթայի Ուխտի դեսպանները, կողմերի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։

Նախարարները կարևորել են առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի միջև հնամյա կապերի և առնչությունների վրա խարսխված վաղեմի բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ դրանք այսուհետ ևս կշարունակեն առավել խորանալ ու ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ։ Նախարար Ավանեսյանը երախտագիտություն է հայտնել 1988թ. երկրաշարժի տարիներից ի վեր Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության համար։

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել համագործակցության ընդհանուր շրջանակին, սահմանվել են ապագայում առողջապահության, մասնավորապես` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի,  պալիատիվ խնամքի ներդրման, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում Մալթայի Ուխտի միջազգային փորձի փոխանակման ու ներդրման հնարավորությունների, համատեղ ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղենիշեր։

«Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ ՈՒխտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2018թ․-ին և ուժի մեջ է մտել 2020թ. հունվարին։ Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված Գնահատող կոմիտեն մշտադիտարկում է երկկողմ համագործակցության ընթացքը, քննարկում և կազմում տարեկան զեկույց՝ ապագա ծրագրերի և ուղղությունների վերաբերյալ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն