Երևանում՝ 800 հազար, Լոռիում՝ 20 հազար դրամ․ հանրապետության ամենաթանկ ու ամենաէժան անկյունները
Որո՞նք են Հայաստանի ամենաէժան ու ամենաթանկ քաղաքները՝ ըստ անշարժ գույքի, զբոսաշրջային ծառայությունների և սպառողական գների։ Կադաստրի, ազգային վիճակագիրների և տնտեսագետների դիտարկումները ցույց են տալիս, որ նույն ապրանքի կամ ծառայությունների գները Հայաստանի տարբեր անկյուններում կարող են միմյանցից մի քանի անգամ ավել կամ պակաս լինել։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անշարժ գույքի շուկայում ամենաթանկը շարունակում է մնալ Երևանը։ Մայրաքաղաքում ամենաէժան բնակարանը կարելի է ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում՝ մեկ քառակուսի մետրը 180.000 դրամ է։ Ամենաթանկը՝ մեկ քառակուսի մետրը 3.5 անգամ ավելի բարձր, Կենտրոնում է․ միջինը՝ 633.000 դրամ։ Երևանում ամենաթանկ բնակարանները Հյուսիսային պողոտայում են, Թումանյան և Աբովյան փողոցներում․ այստեղ մեկ քառակուսի մետրը կարող է 800.000 դրամից ավելին արժենալ։ Տվյալները Վիճակագրական կոմիտեինն են։ Դրանք վերլուծում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․
«Բնականաբար, Երևանի համեմատ մարզերում գները բավականին ցածր են, բայց առաջիկայում, եկամտահարկի վերադարձի օրենքի հետ կապված, կարծում եմ, որ մարզերում ևս զարկ կտրվի բնակարանաշինությանը»։
Մարզերից՝ ամենաթանկ բնակարանը կարելի է գնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում․ 1 քառակուսի մետրի համար պետք է վճարեք միջինը 300.000 դրամ։ Էժան բնակարանի համար պետք է գնաք Լոռու մարզի Թումանյան համայնք՝ 1 քառակուսի մետրը 20.000 դրամ է։ Այստեղ անշարժ գույքի միջին շուկայական գինը 2020–ի համեմատ իջել է շուրջ 11 տոկոսով։
Հայաստանում անշարժ գույքի առք ու վաճառք ամենաքիչը կատարվում է Վայոց Ձորում։ Վերջին մեկ տարում բնակարանների գներն աճել են հատկապես Աշտարակում, Վանաձորում և Գյումրիում․ միջինը՝ շուրջ 10 տոկոս։
Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի, Վանաձորում ոչ միայն անշարժ գույքը, այլ նաև պարենային և ոչ պարենային ապրանքներն են թանկացել․ հանրապետության երրորդ քաղաքում 2021–ին գնաճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Վանաձորին հաջորդում է Գավառը։ 2021-ին, 2020թ․ համեմատ, սպառողական շուկայում շուրջ 8 տոկոս գնաճ է արձանագրվել։ Միայն սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 13 տոկոսով։ Դրան մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի թանկացումը: Հաջորդիվ, ամենաշատ թանկացած ապրանքները կոշիկն ու հագուստն են․ 2021–ին դրանք 12 տոկոսով ավելի թանկ են եղել, քան 2020-ին։
Տնտեսագետ Մերի Բոյաջյանը հետաքրքիր միտում է նկատում․ մարդիկ վերջին շրջանում գերադասում են գնել ոչ թե հողակտորներ, այլ բնակարաններ։ 2021–ին հանրապետությունում անշարժ գույքի առուվաճառքի 56 000 գործարք է գրանցվել։ 2020-ի համեմատ՝ շուրջ 10000-ով ավելի։
«2021թ․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ծավալը վերջին 10 տարում ամենաբարձրն է եղել։ Գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 27 տոկոսով։ Առաջին գործոնը առաջիկայում եկամտահարկի հետվերադարձի օրենքի չեղարկումն է, որը խթանում էր, որ մարդիկ գործող օրենքի շրջանակում ձեռք բերեին բնակարաններ։ Դա էլ հանգեցրել էր անշարժ գույքի շուկայում պահանջարկի մեծացման։ Արդյունքում նաև գներն էին աճել»։
Վերջին տարիներին ակտիվացել է նաև բնակարանների վարձակալության շուկան։ Այս դեպքում ևս ամենագրավիչը Երևանն է։ Վարձակալական գործարքների ուղիղ կեսն այստեղ է գրանցվում։ Զգալի աճել է Արմավիրում բնակարանների վարձակալությունների ցուցանիշը․ գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020թ․ համեմատ 2021-ին հանրապետությունում շուրջ 7 տոկոսով աճել է վարձակալությունների թիվը։ Տնտեսագետ Մերի Բոյաջյան․
«2020թ ամենաշատ վնաս կրած ոլորտը հենց զբոսաշրջությունն էր, իսկ 2021–ին կամաց-կամաց ակտիվացավ զբոսաշրջիկների աճը։ Նախորդ տարի արդեն մեր երկիր այցելած քաղաքացիները սկսեցին ակտիվ տարբեր տարածքներ վարձակալել, ինչի արդյունքում աճել է նաև վարձակալության գործարքների թիվը»։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021թ․ մեր երկրի ավելի քան 1 մլն 435 հազար քաղաքացի ճամփորդել ու հանգստացել է Հայաստանում։ 2020–ի համեմատ ներքին տուրիզմն աճել է 53.5 տոկոսով։
Զբոսաշրջիկների համար ևս Երևանը ամենաթանկ վայրերից է։ Քաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկում կարելի է գիշերել, չզարմանաք՝ 7 միլիոն 720 հազար դրամ վճարելով։ Սակայն Երևանը հյուրընկալ է նաև սահմանափակ հնարավորություններով զբոսաշրջիկների համար։ Հոսթելում, օրինակ, հնարավոր է գիշերել անգամ 1700 դրամով։ Ծաղկաձորում ամենամատչելի կացարանն արժե 6000 դրամ, ամենաթանկը՝ 200 հազար։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ Հայաստանում տուրիզմը ո՛չ թանկ, ո՛չ էլ էժան է․ կարևորը ճիշտ համեմատություններ անելն է։
«Շատ ենք, չէ՞, ասում՝ Ծաղկաձորը թանկ է, բայց մենք պետք է համարժեք համեմատություններ անենք։ Օրինակ, Ծաղկաձորը համեմատենք Վրաստանի Բակուրիանիի հետ, որտեղ նույնպիսի ծառայություններ են առաջարկվում։ Եթե առցանց ամրագրման համակարգերով նայենք, կտեսնենք, որ Ծաղկաձորինը ավելի թանկ չէ, նույնիսկ ավելի էժան է»։
Ապրեսյանը նկատում է՝ Հայաստանում տուրիզմի տեսանկյունից թանկ կամ էժան մարզեր չկան․ ցանկացած քաղաքում կարելի է գտնել ինչպես շատ թանկ, այնպես էլ շատ էժան հանգստի հնարավորություններ։ Շեշտում է՝ այս առումով Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար․ կարելի է փնտրել ու գտնել Հայաստանի՝ սեփական գրպանին հարմար անկյունը։
hy.armradio.am