Ազգային ժողովի նիստն եմ նայում։ Զզվելի տեսարան է։ Հին ու տհաճ ժամանակները հիշեցնող, բայց մի քիչ ավելի զզվելի, որովհետեւ այս կոճակ սեղմողներին, այս դամ քաշողներին, իրենց շեֆի հրահանգները ստրուկի հնազանդությամբ կատարողներին հենց մենք ենք բերել ու նստեցրել խորհրդարանում։ 

Ժամանակին նույն զզվանքով լսում էի Աշոտյանին ու Շարմազանովին, որոնք կարող էին արդարացնել եւ հիմնավորել ցանկացած օրինագիծ ու միջադեպ, կարող էին կրծքով պաշտպանել իրենց շեֆին, անգամ եթե ներքուստ նրա որոշումների հետ համաձայն չէին։ Հիմա այդ նույն դերը ստանձնել է Գագիկ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի աճեցրած կադրը՝ Վլադիմիր Վարդանյանը։ Դե ում կողքին աճել է՝ նրանցից էլ սովորել է։ Առաջ նախկիններին է ծառայել, հիմա՝ ներկաներին։ Ոչ մի նոր բան։ 

Ինչ որ աղջիկ է ելույթ ունենում՝ Սոնա Ղազարյան։ Նայեցի սրա կենսագրությունը՝ 28 տարեկան է, ծնվել է 1993 թվականին, ինչ որ դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական է եղել, հետո Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունում է աշխատել, ինչ որ ձեւով հայտնվել է նախ Երեւանի ավագանիում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, իսկ 2018-ին 25-ամյա այս աղջկան բերել դարձրել են պատգամավոր եւ նա հիմա դահլիճում նստած տարեց ու փորձառու մարդկանց դասեր է տալիս եւ նախկինների կոռուպցիայից է խոսում։ Այն կոռուպցիայից, որի ժամանակ ինքը 10-12 տարեկան է եղել։

Երեք տարուց ավելի պատգամավոր աշխատած այս աղջկան իմ շրջապատում ոչ մեկը չհիշեց, ինչ որ մեկը աղոտ մտաբերեց, որ Վաչիկ Սարգսյանի Այբենարանի մասին էր ինչ որ վատ բաներ ասել եւ Սարգսյանը լավ դաս էր տվել չափերն անցած ու անտեղյակ այս էակին, մեկ էլ՝ տեգորն էր նշանակել օգնական, մամուլում գրվել էր՝ ինքն էլ արդարանում էր, թե հարազատ տեգրս չի, այլ կեսրարից եղբոր տղան։ Հիմա էս աղջնակը ելույթ է ունենում Բարձրագույն դատական խորհրդի կազմն ու աշխատակարգը փոխելու օրինագծի մասին եւ մեղադրող տոնով ինչ որ մտքեր հայտնում նախկինների մասին, դասեր տալիս դահլիճի «այս մասում» նստածներին։

Բայց էս տոնով ելույթների վրա մի զարմացեք՝ այս աղջիկը՝ եւս երկու աղջիկների՝ Ծովինար Վարդանյանի ու Արուսյակ Ջուլհակյանի, ու երկու տղաների հետ օրերս են վերադարձել Լյուքսեմբուրգ կատարած ուղեւորությունից։ 5 օր ՔՊ-ական ջահելներով տժժացել են Լյուքսեմբուրգում՝ Ազգային ժողովի բյուջեի հաշվին։ Թեեւ ԱԺ նախագահի հրամանում նշված է, որ մեկնում են «Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հրավերով»։ Թե դա ինչ հրավեր է, որ ծախսերը չի հոգում։ Երեւի Պալատի նախագահն ուղղակի թույլատրել է իր երկիր այցելել։

Պարզ չէ՞, որ եթե Լյուքսեմբուրգ ուղեւորության դիմաց շեֆերը եթե ասեին՝ ծնողներիդ էլ ուրացիր, կուրանար ամբիոնից։ Լյուքսեմբուրգ մեկնելու հաճույքը ինչով ասես պատրաստ կլինես փոխհատուցել՝ 28 տարեկանում էլ ինչպե՞ս կարող էր աշխարհը տեսնել, էլիտար հյուրանոցներում հանգրվանել, բարձր ընդունելության արժանանալ։ Դրա գինն էլ էս տեսակ ելույթներն են։ 

Բայց դե այս ամենը մենք տեսել ենք՝ ժամանակին էլ Մարգարիտ Եսայանն ու Հերմինե Նաղդալյանն էին Եվրոպաներ գործուղումների մեկնում, հետո վերադառնալով ԱԺ ամբիոնից իրենց շեֆերին պաշտպանում՝ բոցաշունչ ճառեր ասում։ Թեեւ մի տարբերություն կա եւ դա նորերի օգտին չի՝ նրանք գոնե ճանապարհ էին անցել, տարիք ու փորձ ունեին եւ ընդդիմության հասցեին այդքան լափառոշ չէին խոսում, եթե անգամ խոսում էին, դա այդքան տգեղ չէր հնչում, որովհետեւ նրանց մենք չէինք ընտրել ու այդպես ոգեւորված բերել իշխանության։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն