Մակրոնն իր փոխարեն հայերի միջոցառման ուղարկել է վարչապետին
Երեկ Ֆրանսիայում կայացավ CCAF-ի` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթը, որին մշտապես մասնակցում են Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ նախագահի գլխավորությամբ։ Այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել մասնակցել՝ երկրից բացակայելու պատճառով, սակայն նրա հորդորով ներկա է գտնվել Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը եւ փոխանցել է Մակրոնի ափսոսանքը, որ այս անգամ չի կարող ներկա գտնվել հայ համայնքի այդ հավաքին։
Զարեհ Սինանյանը, որն այս օրերին Ֆրանսիայում եւ այցը համընկեցրել էին, ըստ ամենայնի, որպեսզի մասնակցի այս նշանակալից իրադարձությանը, եւ նախապես այդպես էլ ծրագրված էր, չի մասնակցել, որովհետեւ CCAF-ի ղեկավարությունը հետ է կանչել հրավերը։ Մենք գրել ենք արդեն, որ Խորհրդի անդամներին խիստ զայրացրել է Սինանյանի եւ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ֆրանսահայ համայնքում եւ հատկապես Ռեմի Մաքինաջյանի «Հայկական շարժման» հետ հանդիպումը, որը CCAF-ի մրցակիցն է եւ համայնքում լավ համարում չունի։
CCAF-ը նախապես պայմանավորված է եղել Սինանյանի հետ, որ նման պաշտոնական հանդիպում չի կայանալու, վերջինս պայմանավորվածությունը խախտել է եւ ֆրանսահայ համայնքի ազդեցիկ հատվածը որոշել են նրա հրավերը չեղարկել։
Hraparak.am