Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել, որում, ի թիվս այլ մտքերի, նաեւ բավականին ոչ միանշանակ միտք է արտահայտել։ Գարեգին Բ-ն մասնավորապես բարձր է գնահատել «Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

Իհարկե, հասկանալի է, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, մենք Իրանից կախված ենք, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունենալով փակ սահմաններ, Իրանը Վրաստանի հետ մեզ համար դեպի արտաքին աշխարհ կենսական լուսամուտ են ապահովում։ Հասկանալի է նաեւ, որ Առաքելական եկեղեցին Իրանում ունի բավական հզոր զարգացած եւ լավ կազմակերպված ենթակառուցվածքներ, չնայած Իրանում գործող Առաքելական եկեղեցու թեմերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո են, եւ կան որոշակի շահեր, հանուն որոնց կարելի է եւ ռեւերանսներ անել Իրանի ուղղությամբ։ Սակայն միթե «Փարիզն այնքան արժե մեսսայի», որ կարելի է կիրառել նման ձեւակերպում։

Օրինակ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Իրանի այն ժամանակվա ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը ողջունում է հրադադարի հաստատումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այսինքն՝ Իրանը արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով լեգիտիմացրել է 44-օրյա պատերազմը՝ արձանագրված արդյունքներով հանդերձ։ 

Ավելին, Իրանի գործող նախագահ Էբրահիմ Ռաեսին նախագահ ընտրվելուց հետո 2021 թ․ հուլիսի 15-ին, համաձայն իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցման, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ՝ ի պատասխան Ալիեւի՝ իր, որպես Իրանի նախագահ ընտրվելու առիթով հղած շնորհավորական ուղերձին։ Ռաեսին մասնավորապես շնորհավորել է Ալիեւին՝ «գրավյալ տարածքների ազատագրության», «դրանք Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ վերադարձի և ընդհանուր սահմանի վերականգման կապակցությամբ»: Ռաեսին նաեւ հույս է հայտնել, որ «նոր պայմաններում երկկողմ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը»՝ Իրան-Ադրբեջան կապերը «եղբայրական ու բարեկամական» բնութագրելով։ Այսինքն, նման հայտարարությունների ի՞նչն է սկզբունքային, որ մի հատ էլ Գարեգին Բ-ն բարձր է գնահատում։ Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  բարձր է գնահատում նշված հայտարարությունների նման պրոադրբեջանական հայտարարությունները, որպես սկզբունքային դիրքորոշում, ապա դա առնվազն տարօրինակ է։

Ի դեպ, եթե անկեղծ լինենք՝ Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախ այն հանգամանքից, որ մինչեւ որոշակի մի պահի պահպանել է որոշակի հեռավորություն եւ բավարարվել պաշտոնական հայտարարություններով։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն