Անգնահատելի է հունարենի քաղաքակրթական ներդրումն ու ավանդը. դեսպան Մկրտչյանի ուղերձը Հունարենի միջազգային օրվա առթիվ
Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձ է հղել Հունարենի միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ մտադրություն կա հունարենից հայերեն թարգմանված և հրատարակված գրքերի ցուցահանդես կազմակերպել Աթենքում, որի ընթացքում հավելյալ հնարավորություններ կլինեն արժևորելու թարգմանչության ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Հունարենի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին, ինչպես նաև Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում, և ողջ աշխարհում հունարեն լեզուն դասավանդող մասնագետներին, հունարեն լեզվին տիրապետողներին, բարեկամներին ու ընկեներին:
Անգնահատելի է հունարենի քաղաքակրթական ներդրումն ու ավանդը, համաշխարհային պատմական առաքելությունը և դերը: Լինելով աշխարհի հնագույն գրավոր լեզուներից մեկը` հունարենն ունեցել է և շարունակում է ունենալ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն աշխարհի գրեթե բոլոր լեզուների վրա:
Հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր գործունեության ընթացքում հիմնվել է հին հունարենի վրա, և դա հասկանալի է, քանի որ հին հունարենով են գրվել անտիկ մշակույթի մեծագույն գլուխգործոցները»,- նշել է դեսպան Մկրտչյանն իր ուղերձում։
Նա հավելել է, որ հունականության տարածումը մեծ նշանակությունն է ունեցել նաև Հայաստանի հասարակության զարգացման գործում, և ընդգծել՝ հունարենի տարածումը հանգեցրել է նրան, որ հայ հասարակության մտավորականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչները անպայման պետք է հունարեն իմանային, և առանց հունարենի նրանք չէին կարող շրջանցել գիտության այն բնագավառը, որով զբաղվում էին:
«Հարկ է հիշել, որ հայոց հին պատմության զգալի մասը մեզ է հասել հենց հույն պատմիչների աշխատությունների շնորհիվ։ Իսկ դեռևս Ք․Ա․ 1-ին դարում հայոց մայրաքաղաք Արտաշատի թատրոնում հունարեն լեզվով ներկայացումներ էին բեմադրվում, իսկ հայոց արքան անգամ հեղինակում էր հունարեն ողբերգություններ»,- նշված է ուղերձում։
Դեսպան Մկրտչյանը շեշտել է, որ այսօր հունարեն լեզուն գնալով աճող տարածում ունի Հայաստանում` հայ ուսանողներին հնարավորություն ընձեռելով սովորել հունարեն, մոտիկից ճանաչել Հունաստանի մշակույթը և պատմությունը:
«Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք հունարեն լեզվի միջազգային օրը և միևնույն ժամանակ հպարտ, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ իր ուրույն դերակատարությունն ունի այս համաշխարհային հարստության, գանձի տարածման գործում: 2022 թ․ ընթացքում մենք մտադիր ենք հունարենից հայերեն թարգմանված և հրատարակված գրքերի ցուցահանդես կազմակերպել Աթենքում, որի ընթացքում հավելյալ հնարավորություններ կունենանք արժևորելու թարգմանչության ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները»,- եզրափակել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտյանը։
hy.armradio.am