ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մամիկոն Ասլանյան կուսակցությունների դաշինքը դատի է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Մ.Հակոբյանին:

Դաշինքը, դատի տալով բանտապետին, պահանջում է, որ դատարանը ստիպի Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ժամանակ Մամիկոն Ասլանյանին տրամադրել ինտերնետ կապ և տեխնիկական միջոց համակարգիչ կամ հեռախոս նիստերին հեռավար ձևաչափով մասնակցելու հնարավորությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ օրերս գրել էինք, որ Դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարությանը: Վերջինս պահանջում է, որպեսզի վարչական դատարանը ապհովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը և քվեարկելու իրավունքն:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։

Հավելենք, որ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել, մինչդեռ Ասլանյանը հայտնել էր, որ իր գլխավորած դաշինքն ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

Ք.Մ.

ArmLur.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ