Որոնք են 44-օրյա պատերազմի ձախողման պատճառներն ըստ Սեյրան Օհանյանի
ԱԱԾ-ն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայստանում օտարերկրյա լրտեսական ցանց է բացահայտվել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:
«Զինված ուժերի համար անվտանգության խնդիրները չափազանց կարեւոր են։ Կարևոր է նաև հենց տեղեկատվական անվտանգությունը, կիբերանվտանգության հետ կապված խնդիրները։ Զինված ուժերի ղեկավարությունն ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը պարբերաբար զգուշացնում են դրա մասին, որոշ դեպքերում էլ նաեւ պարապմունքներ են անցկացնում։ Զինծառայողները պետք է զգույշ լինեն ու այդպիսի կապերի սկսման դեպքում հաշվի առնեն այս հանգամանքները»,- անդրադառնալով թեմային «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Հիմա ԱԱԾ-ն այդ հաղորդագրությունում ինչի մասին խոսում է , մասնագիտական առումով, խորությամբ վերլուծելու առումով, գնահատական տալու շահառուն հենց ինքը՝ Ազգային անվտանգության ծառայությունն է։ Զինված ուժերի անվտանգության, կապի, տեղեկատվության անվտանգությամբ զբաղվող բաժին գոյություն ունի։ Իրենք սրա գնահատականը կարող են ռեալ տալ։ Գոյություն ունի խախտումների, թերությունների, բացասական երեւույթների պատժի գնահատականի աստիճան, մանավանդ եթե գաղտնիության նյութ կարող է պարունակվել։ Այ հենց պատժի գնահատականի աստիճանից ելնելով էլ պետք է յուրաքանչյուր դեպքի համար առանձին գնահատական տրվի։ Եթե գումարի դիմաց մաս-մաս տեղեկատվությունը վերաբերվում է Զինված ուժերին, նրա խնդիրներին,մարտական , քանակական կազմին, անձնակազմի գործողություններին, սպառազինությանը ու ռազմական տեխնիկային, զորամասերին ու մարտական դիրքերի տեղակայմանը , ապա իհարկե դա պետական դավաճանություն է։ Ցմահի հետ կապված բան չեմ կարող ասել, որովհետև քրեական օրենսգիրքը այս պահին ձեռքիս տակ չէ , բայց դա, կրկնում եմ, մեծ հանցագործություն է ու բնականաբար ամբողջ խստությամբ պատիժ է սահմանվում։ Վերահսկողության խնդիրները պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և նաեւ Ազգային անվտանգության ծառայությամբ զբաղվող մարմինների խնդիրն է , այսինքն՝ այստեղ վերահսկողության մեջ ուժեղ կամ թույլ լինելու հետ կապված խնդիր չկա, մանավանդ երբ մարդիկ նոր են նշանակված, իսկ ընդհանրապես ռազմական կառույցի ղեկավարները երկար ժամանակ են ղեկավարում։ Այստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի հակահետախուզության առումով։ Թերությունը մեզ մոտ այն է , որ մարտական գործողությունների թատերաբեմում գտնվող, հակամարտության մեջ գտնվող պետություններում, այդպիսի կարևոր պաշտոն, ինչպիսին պաշտպանության նախարարի պաշտոնն է, այդ պաշտոնատար անձինք այդպիսի արագությամբ, այդպիսի ինտենսիվությամբ չեն փոխվում ։ Ընդհանրապես նշանակվում են մարդիկ, որոնք որ փորձառություն ունեն պետական կառավարման և ռազմական մառավարման օղակներում։ Ես կարծում եմ , որ նախկինում պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի արագ փոփոխությունները նաեւ հանդիսացել են մեր այս վերջին 44-օրյա պատերազմի ձախողումների ու պարտության պատճառներից մեկը։Սա իհարկե միանշանակ խոսում է նրա մասին, որ այս իշխանությունների կադրային բանկը բավականին տկար է , թույլ է։ Կադրային քաղաքականության մշակման ու իրականացման ոլորտում իրենք փորձում են անպայման այնպես անել, որ այդ կադրերը լինեն իրենց թիմից, իսկ իրենց թիմը, կարծում եմ, փորձառության պակաս ունի։ Ամենակարևոր խնդիրներից մեկը , որ իրենք ունեն հենց փորձառության պակասն է։ Համապատասխան կադրեր չունեն , փորձառություն անցած կադրեր չունեն ։ Այդ պարագայում երկրի անվտանգության, զարգացման, ինքնիշխանության մասին մտածող իշխանությունները դիմում են նաեւ այլ ուժերի , ավելի փորձառու, ավելի ճանապարհ անցած մարդկանց են դիմում»,- ասաց Օհանյանը ։
Հարցին, թե ինքը օրինակ որպես փորձառու, ճանապարհ անցած մարդ կհամաձայնի՞ այս իշխանությունների օրոք պաշտպանության նախարար աշխատել, Օհանյանը պատասխանեց.«Ես իհարկե միանշանակ չեմ համաձայնի։ Որովհետև դու կարող ես ինքնադրսևորվել ու քո մասնագիտական կարողությունները ամբողջությամբ գործածել, եթե վստահ լինես, որ թիմը իրոք ճիշտ ռազմավարություն ունի , մարտավարական ճիշտ քայլեր է իրականացնում , թիմը նվիրված է հայրենիքին ու նրա բոլոր նկրտումները Հայաստանի ու Արցախի համար արդար են, ազնիվ են։ Իսկ հիմա մենք Հայստանում միանշանակ այդպիսի գործունեություններ չենք տեսնում ։ Հիմա նույնիսկ ռազմավարությունն է բացակայում։ Մենք երկար ժամանակ է խոսում ենք անվտանգության միջավայրի, բանակի բարեփոխումների մասին, բայց յուրաքանչյուր հարցուպատասխանի ժամանակ իրենք իրենց իսկ պատասխանով ասում են, որ այդ հայեցակարգը դեռևս մշակված չէ կամ էլ դեռ մշակման փուլում է։ Ճիշտ չեն գործում։ Զինված ուժերի բարեփոխումների, ռազմավարության, զարգացման հայեցակարգի համար ոչ թե անձերը պետք է դերակատարություն ունենան, այլ պրոֆեսիոնալները։ Մասնագիտական մեծ վարպետություն ունեցող մարդիկ պիտի լինեն։ Խոսքը միայն պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի մասին չէ, այլ առհասարակ պետական ամբողջ համակարգի»։
Hraparak.am